Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՏԵՐԸ

Սպորտ

Արդեն մի քանի ամիս է` քննարկվում է «Արարատ» անվան հետ կապված սկանդալային պատմությունը: Ինչպես հայտնի է, «Լեռնագործ» ակումբը «Արարատ» անունով է հանդես գալիս բարձրագույն խմբում, իսկ «Արարատ» ակումբի թիմը կոչվել է «Արարատ-2» եւ հանդես է գալիս 1-ին խմբում:

Այս 2 «Արարատները» ժամանակին միասին էին, սակայն տարաձայնությունների պատճառով բաժանվել են միմյանցից եւ պայքարում են «Արարատ» անունը կրելու համար:

Այսօր «Լեռնագործ Արարատի» գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ իրենք լիովին իրավունք ունեն «Արարատ» անունով հանդես գալ. «Այս անունը սիմվոլ է, որը պետք պահպանել»: Բայց ասուլիսի թեման միայն սա չէր: Ըստ Պետրոսյանի, ակումբի նախկին շվեյցարահայ հովանավորները չէին կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները, ուստի որոշեցին իրենք տեր կանգնել «Արարատին»: «Լեռնագործ Արարատի» տնօրենը հայտնեց, որ տարաձայնություններ առաջացել են այն բանից հետո, երբ ինքը որոշել է առճակատման չգնալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ հնազանդվել ֆեդերացիային, ինչպես որ ընդունված է: Սակայն շվեյցահայերը չեն ընդունում ՀՖՖ-ն, եւ նրանց դուր չի եկել նման քաղաքականությունը:

Լուրջ խնդիրներ են եղել նաեւ կապված «Ձորաղբյուրի» մարզաբազայի հետ: Ըստ Վազգեն Պետրոսյանի, ինքը իր միջոցներով 200 հազար դոլարից ավելի գումար է ծախսել, որի մի մասն են իրեն փոխհատուցել. «Ես ներդրումներ եմ կատարել, իսկ հովանավորները ասում են` ինչու՞ ես այդքան գումար ծախսել, մենք դա չէինք ծրագրել»:

Ի դեպ, այսօր «Արարատը» անչափ անհաջող է հանդես գալիս Հայաստանի առաջնությունում եւ մեկնարկային 2 տուրերում 2 պարտություն է կրել, երկուսն էլ` խոշոր հաշվով: