Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը կընտրի Օպերայի տնօրենին. ովքեր են թեկնածուները (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
354cecb72676d15fe43902f2ccafabee

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նախապես գրանցված 9 մասնակիցներից պայքարի բոլոր փուլերն անցել են երկուսը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը եւ Եգիպտոսում շուրջ տասը տարի աշխատած Անդրանիկ Արզումանյանը: Իր մեջ օպերայի թատրոնը ղեկավարելու ուժ տեսնող երկքաղաքացի Անդրանիկ Արզումանյանը վստահ է, որ Ռուսաստանի մշակույթի կենտրոնի փորձը ակադեմիական թատրոնը կզարգացնի. «Խոսքը գնում է օպերային թատրոնի, բալետի արվեստի մասին, ռուսական դպրոցը ինքը համաշխարհային հայտնի դպրոց է, եւ ես դրա մեջ տասը տարի եղել եմ»։ Գագիկ Մանասյանն ավելի հստակ գիտի իր անելիքները. «Իմ առաջարկություններում եղել ա մոդեռն բալետի ներդնում, քանակի մեծացում, ցերեկային ներկայացումներ, մանկական ներկայացումներ», - ասաց նա։ Օպերային թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի երկու թեկնածուներն էլ տեղյակ են թատրոնում առկա խմորումներին եւ հակասություններին։ Նրանք պատրաստ են հարթել բոլոր խնդիրները. «Ես հույս ունեմ, որ այդ ամեն ինչը մենք կշտկենք, կարեւորը մի ընտանիք ստեղծենք ու մի ընտանիքով ապրենք օպերայում»,- նշեց Արզումանյանը։ «Ես տեռորիստ եմ աշխատանքում։ Ամենակարեւոր հարցը՝ մենք պետք է կոնցեպտուալ ձեւով լուծենք՝ ինչպես ենք ուզում տեսնել մեր օպերան», - նկատում է Գագիկ Մանասյանը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների տվյալները կներկայացվեն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որն էլ եռօրյա ժամկետում նրանցից մեկի հետ սահմանված կարգով կկնքի աշխատանքային պայմանագիր: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ից Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է։ Թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո տնօրենի թափուր պաշտոնի համար իրենց թեկնածությունը ներկայացրեց 9 հոգի։ Այսօր Մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթին 9 թեկնածուներից ներկայացել են 7-ը, որոնցից էլ ընտրություն է կատարվել՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով: