«Այսօր կինոքննադատները դժվար են ապրում եւ գոյատեւում»
Այսօր Գաֆէսճեան կենտրոնում կայացավ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը։ Հայտնի դարձան նախօրոք հայտարարված «Մեզ հետ, մեր կողքին» եւ լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների անունները։ Բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Հենրիետ Արենսը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս փառատոնը կարեւորվում է նրանով, որ երեխաները, ովքեր ունեն խնդիրներ, պետք է տեսանելի լինեն, նրանք իրավունք ունեն օգտվելու կրթության հնարավորությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ–ը նախաձեռնում է այլ ծրագրեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի շուտ ներառվեն հասարակության մեջ, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում»։ Գրախոսականների մրցույթի հատուկ մրցանակներ հանձնվեցին Վահրամ Մարտիրոսյանին եւ Լուսինե Ասլանյանին։ Իսկ որպես լավագույն գրախոսականի հաղթող հանդիսացավ Րաֆֆի Մովսիսյանը, ով գրախոսական էր գրել «Եսասեր հսկան» ֆիլմի մասին։ Հաղթողն ստացավ Apple iPad պլանշետ։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ նա նշեց. «Ցավոք սրտի, այսօր Հայաստանում գործող կինոթատրոնները հետաքրքրված չեն իրական ֆիլմերով եւ նման փառատոները մեզ հնարավորություն են տալիս մեծ էկրաններով դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերն ու հետեւել կինոյի զարգացումներին։ Ուրախ եմ, որ գնահատված եմ եւ ստացա այս մրցանակը, քանի որ այսօր կինոքննադատի մասնագիտությամբ մարդը դժվար թե կարողանա իր մասնագիտությամբ ապրել, գոյատեւել։ Սա մի առիթ էր, որի ընթացքում կարեւորեցին քննադատության դերը կինոարվեստում»։ «Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթի լավագույն լուսանկարի հաղթող ճանաչվեց Արմեն Անմեղիկյանը, ով որպես պարգեւ ստացավ լուսանկարչական ապարատ։ «Բրիտանական խորհուրդը այն եզակի կազմակերպություններից է Հայաստանում, որը միշտ հետեւողական է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Իսկ իմ լուսանկարի բովանդակությունը հետեւյալն էր. մի թիմ, որի անդամները բռնել էին միմյանց ձեռքերը, եւ նրանց մեջ կար մի աղջիկ, որը չուներ ձեռք։ Այսինքն՝տարբերություն չկար, թե թիմում ով ինչ է անում, թիմում բոլորը հավասար են»,– նշեց լուսանկարի հաղթողը։