Եվրոպացիները հիացած են Արամ MP3-ի երգով (տեսանյութ)
Մարտի 27-ին կսկսվի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հայաստանյան երգի՝ «Not Alone»-ի («Դու մենակ չես») պրոմո տուրը: Հայաստանյան մասնակից Արամ MP3-ն երգը կներկայացնի Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքներում: Ապրիլի 5-ին՝ իր իսկ ծննդյան օրը, Արամը երգը կկատարի Ամստերդամում, որտեղ կկայանա «Եվրատեսիլին» ընդառաջ մեծ համերգ: Պրոմո տուրը կավարտվի ապրիլի 21-ին: Արամ MP3-ն կվերադառնա Երևան, այնուհետև կմենկնի Դանիա՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներ կատարելու: Այսօրվա ասուլիսում Արամ MP3-ն կանխատեսեց, որ իր երգը կընդգրկվի լավագույն հնգյակում: Այդ են վկայում մինչ այժմ երգի ստացած դրական արձագանքները: Երգը յութուբյան ալիքում դիտումների քանակով առաջինն է՝ 5 օրում ավելի քան 750 հազար դիտում: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այսօր է վերադարձել Կոպենհագենում անցկացված, մրցույթի պատվիրակությունների ղեկավարների հավաքից: Գասպարյանի խոսքով՝ հավաքի ընթացքում շատերն են իրենց հիացմունքը հայտնել «Not Alone»-ի առթիվ: Լրագրողներից մեկը նշեց, որ երգն ունի ոչ ստանդարտ կառուցվածք, մասնավորապես կրկներգ չունի: Արամ MP3-ն արձագանքեց, որ համաշխարհային շատ հիթեր ունեն նման կառուցվածք՝ սկիզբ, զարգացում, ավարտ, իսկ կրկներգ չկա: Արամ MP3-ն ասաց, որ երգում ու տեսահոլովակում հերոսները սկզբում մեղադրում են իրար, հետո իրենք իրենց, իսկ հետո փորձում են պայքարել նրա համար, ինչ թանկ է, որը շատ կարևոր ուղերձ է: Երգի կարգախոսն է «Պայքարիր հանուն սիրո»: Երգիչը նշեց, որ երգում չկա հայկական զուռնա-դհոլ, բայց երգի սկզբում կան հայկական «խաղիկներ»: «Not Alone» երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը: Երգը գործիքավորել է Լիլիթ Նավասարդյանը: Տեսահոլովակի հեղինակը Գրիգոր Գասպարյանն է: Ընդհանուր առմամբ, այս տարի «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 37 երկիր: Գերակշռում են բալլադային ստեղծագործությունները: «Կարծում եմ՝ կհաղթի բալլադը»,- ասաց Գոհար Գասպարյանը: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 6-ին և 8-ին, եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում: