Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ համար էր աշխատանքից ազատվել դպրոցի տնօրենը

Հասարակություն
images

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է  , որ աշխատանքից ազատվել է թիվ 17 դպրոցի տնօրենը եւ որ որոշ տնօրեններ էլ նկատողություն են ստացել։ «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Դպրոցում կարգուկանոնի և համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարևոր է, և այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի թիվ 37 դպրոցի տնօրեն Նելլի Պարոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խիստ նկատողություն է ստացել երեխաների եւ ծնողների հանդեպ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը։ Իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը՝ Նաիրուհի Սարգսյանը, շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նաիրուհի Սարգսյանը ապտակել էր դպրոցի սաներին եւ քաշել ականջները, սակայն ամիսներ առաջ ստացել էր միայն բանավոր նախազգուշացում։