Գիտական շաբաթ Նյու Յորքում
Արդեն 26 տարի է, ինչ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանը կազմակերպում է տարեկան գիտական շաբաթ, որին մասնակցում են վարժարանի տարբեր դասարանի սաները, որոնք ցուցադրությամբ ներկայացնում են իրենց աշխատանքները։ Դրանցում ընդգրկված են կենդանական և բուսական աշխարհի, ծովային բազմազան կենդանիների, ինչպես նաև մարդու էվոլյուցիոն զարգացման և այլ հետաքրքիր թեմաներ։ Գիտական շաբաթին իրենց մասնակցությունն էին բերել նաև ժյուրիի անդամները՝ ամերիկահայ համայնքի ճանաչված ինժեներ-գիտնականներ՝ Վահան Թանալը, Արամ Սեթյանը, Հովհաննես Մարտիրոսյանը և նույն վարժարանի նախկին սան Շանթե Բաբումյանը։ Գիտական շաբաթի ավարտից հետո ժյուրին ի մի բերեց բոլոր աշխատանքները։ Առաջին երեք մրցանակներին արժանացան Մարգարիտ Սաքարը, Հայկ Փիրմազադյանը և Օլիվիա Նեոսիսյանը։ Գիտական շաբաթի մյուս մասնակիցները արժանացան գովասանագրերի։ Օրվա հանդիսությանը մասնակցում էին նաև վարժարանի սաների ծնողներն ու մանկավարժական կոլեկտիվը ։ Այս տարվա գիտական շաբաթը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին՝ նվիրված էր հայ անվանի գիտնականներ Ալբերտ Քափիկյանի և Գրիգոր Գյուլզադյանի հիշատակին։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի