«Սեւանա լիճն անհավասարակշիռ վիճակում է» (տեսանյութ)
Սեւանա լճից ջրի բացթողումների ավելացումը եւ ձկնաբուծության համալիր ծրագրի իրականացումը մահացու վտանգի տակ է դնում լճի ապագան` ահազանգում են մասնագետները։ Իսկ մինչ այդ նրանք բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով թույլ չտալ ծրագրերի իրականացումը։ ԱԺ նախկին պատգամավոր, Սեւանա լճի մասին ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադեւոսյանի խոսքերով՝ խախտվելու է նաեւ լճի էկոհամակարգը։ «Մի կողմից արհեստական կերերի միջոցով ջրի աղտոտում, մյուս կողմից դրական հաշվեկշռի խախտում։ Առաջարկվում է երկրորդ ծրագրով 70 մլն խմ- ով ավելացնել ջրառը, այսինքն`170 մլն խմ դարձնել 240 մլն խմ։ Սա նշանակում է, որ մենք անգամ չկարողանանք ջրի բարձրացումն ապահովել, չենք կարողանա ապահովել եւ կսկսի իջեցում»,- նշում է Գագիկ Թադեւոսյանը։ Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն էլ ահազանգում է՝ ներկայումս խիստ անհավասարակշիռ վիճակում է գտնվում լիճը. «Ֆոսֆորը նվազել է, իսկ ազոտը բարձրացել։ Սեւանը եզակի էր աշխարհում, իսկ հիմա այդ եզակիությունը վերացել է»,- նշում է նա։ Մասնագետը նշում է, որ լճի մակարդակի բարձրացումը չպետք է կասեցնել։ Ի դեպ, մարտի 19-ին ԱԺ-ում տեղի են ունենալու լսումներ Սեւանից հավելյալ ջրառի եւ ձկնաբուծության զարգացման օրինագծերի շուրջ։ Նրանք բոլորին կոչ են անում միավորվել հանուն Սեւանի, քանի որ այն համամարդկային հարստություն է։