Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հասարակություն
mayr-ator

Մարտի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց խորհրդի անդամներին այն նվիրումի և հանձնառության համար, որ նրանք դրսևորում են Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրների լուծման և Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման համար: Ժողովի նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովին Նորին Սրբությունը ԳՀԽ անդամներին ներկայացրեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` տեղեկացնելով, որ տաճարի ուսումնասիրման և ամրակայման նախագծային աշխատանքներն ավարտին են մոտեցել և առաջիկային պիտի սկսվեն շինարարական աշխատանքները: Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ ներկայիս աշխատանքներ են տարվում նաև Մայր Տաճարի նորոգության համար անհրաժեշտ գումարի հայթայթման ուղղությամբ: Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Քննարկման արդյունքում ամբողջացվեց Մայր Աթոռի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը, որով մասնակցությամբ Ամենայն հայոց Հայրապետի, հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհասփյուռ հայաշատ համայնքներում, միջեկեղեցական համաժողովներ և աղոթքի էկումենիկ արարողություններ, ինչպես նաև տեղի կունենան երիտասարդական միջազգային կրոնաժողովներ, թեմերում կիրականացվեն Եղեռնի վերաբերյալ փաստագրական նյութերի ցուցադրումներ և այլ նմանօրինակ միջոցառումներ: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 676 է, որոնցից 53-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 46-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ը` աբեղա, 421-ը` քահանա, 106-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 47 հոգևոր սպասավորներ: Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր Ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, սովորում է 219 ուսանող և աշակերտ: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տները, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ և պատանիներ, 2013 թ. եկեղեցական, ազգային և պետական տոների առիթներով կազմակերպել են 176 բազմաբնույթ միջոցառումներ: Շարունակվել են Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց առավել համակարգման նպատակով Մայր Աթոռում ստեղծվել է նաև Սոցիալական ծառայության գրասենյակ: 2013 թ. սեպտեմբեր ամսին գումարված Եպիսկոպոսաց ժողովի կողմից հաստատվել է 2 000 000 ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ ունեցող հիմնադրամ` Հայաստանի, Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Տեղեկացվեց նաև, որ տարվա ընթացքում Մայր Աթոռը շարունակել է պարբերաբար օգնություն ցուցաբերել ինչպես Սիրիայի հայ համայնքին և ազգային հաստատություններին, այնպես և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին: ԳՀԽ ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Վիրահայոց թեմերին, Հոլանդիայի ու Բելգիայի հայ եկեղեցական համայնքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև կարգապահական խնդիրներ: Մայր Աթոռ