Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱԶՈՒՄ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ

Մշակույթ

Երեք սերունդ երեկ կողք-կողքի լսում էր երաժշտություն, որն ավելի շատ հնչել է նրանցից ամենաավագի երիտասարդության տարիներին: «Ջազի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ էին ունենում Հայաստանի ջազ նվագախումբը, Հանրային հեռուստաընկերության ջազ-բենդը եւ Ջազի վետերանները:

«Վետերաններ բառն այնպես չեմ սիրում: 35 տարին ի՞նչ վետերանի տարիք է: Ավելի լավ է ասել` մարդիկ, որ ներդրում են արել Հայաստանում ջազի զարգացման համար»,- ասաց կոմպոզիտոր եւ դիրիժոր Մարտին Վարդազարյանը: (Նա էր հանձն առել ներկայացնել Ջազի վետերաններին): Համերգը նվիրված էր Ջազի վետերանների գործունեության 35-ամյակին:

1970թ-ին Կույբիշեւում կայացած փառատոնում դաշնակահար Լեւոն Մալխասյանի ստեղծած ջազ քառյակն արժանացել է դափնեկրի կոչման, ինքը` Լեւոն Մալխասյանը, «Լավագույն դաշնակահար» եւ «Լավագույն ազգային կոմպոզիցիա» մրցանակների: Մարտին Վարդազարյանը նրան ներկայացրեց իբրեւ դաշնակահար, որն այդպես էլ նոտա չսովորեց:

Ինչպես 35 տարի առաջ Կույբիշեւում` դաշնակահար Լեւոն Մալխասյանը, սաքսաֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, կոնտրաբասահար Երվանդ Երզնկյանը եւ թմբկահար Արմեն Թութունջյանը նվագեցին միասին: Մի քանի համարից Երվանդ Երզնկյանին փոխարինեց Ակսել Բակունցը, որը պատմական փառատոնից մեկ տարի առաջ` 1969թ-ին անդրկովկասյան երաժիշտ-կատարողների երրորդ մրցույթում արժանացել էր դափնեկրի կոչման:

Համերգի վերջում Ջազի վետերանները խոստացան, որ իրենք նույն կազմով նույն դահլիճում ելույթ կունենան նաեւ 35 տարի հետո: Հանդիսատեսն այնքան էլ չհավատաց, բայց ծափերով ողջունեց վետերաններին:

Ավելացնենք, որ «Ջազի օրերը Հայաստանում» չորրորդ փառատոնը կազամակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: