Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս հարցը կլուծի միայն ու միայն Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

Հասարակություն
tonus

Մոտ 10 տարի է՝ «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար։ Վճարումները կատարել են, պայմանագիրը կնքել են, բայց հասանելիք բնակարանները դեռ չեն ստացել։ Նրանք արդեն դիմել են կառավարություն, Ֆինանսների նախարարություն, արդարադատության նախարարություն, կենտրոնական բանկ, բայց ստանում են միայն մեկ պատասխան. «Ասում են՝ մենք կապ չունենք, ում փող եք տվել, նրանից էլ ուզեք, բայց ո՞նց այդպես կլինի, մենք էլ ենք էս պետության քաղաքացի, իրենք մեզ պետքա օգնեն»,- վրդովված ասում էին խաբված բնակիչները։ Երեկ նրանք դիմել են նաեւ Սերժ Սարգսյանին, պատասխան դեռ չեն ստացել, բայց հույս ունեն, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը կլուծի իրենց հարցը, ու նրանք կստանան իրենց բնակարանները. «Սա պատվի հարց է: Այս հարցի պատասխանը պետք է տա միայն նախագահը: Ուրեմն ինչքան խելացի կազմակերպված մարդիկ ենք, որ համբերատար լռել ենք, տասը տարի ոչ մեկը ոչինչ չարեց, ոչնչով չօգնեց, այնպես որ այս հարցը կլուծի միայն ու միայն Սերժ Սարգսյանը»,- բորբոքված նշեց Զոյա Պետրոսյանը, որը ինը մլն դրամ է վճարել, սակայն բնակարանն այդպես էլ չի ստացել: Բնակիչներից Գագիկ Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ «Տոնուս» ընկերությունը եւ «Արցախ բանկը» հանցավոր համաձայնության են եկել, որպեսզի «քցեն» բնակիչներին. «Մեզ ամեն տեղ ասում են՝ վկայական չունեք, բայց շենքը կառուցում են, նոր են վկայական տալիս, ձեւն այդպես է: Հիմա, քանի որ իրենց «կեղտերը» ջրի երես են դուրս եկել, ստիպված ձգձգում են, «քցում» են այս ու այն կողմ»: Բնակիչները որոշել են՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, գնալու են ու բնակություն հաստատեն, իրենց գումարով կառուցված կիսակառույց շենքում, որը ոչ դուռ ու ոչ էլ պատուհան ունի: