«Հայ հասարակությունը հիվանդ է». Է. Մանանդյան (տեսանյութ)
Մարտի 19-31-ը Հայաստանում կլինի տիբեթյան բարձրաստիճան վանական-լամա Յեշե Նյիման: Նրա այցի նպատակն է տիբեթյան լամաների լույսն ու էներգետիկ ուժը փոխանցել Հայաստանին: Այցը կազմակերպում է «Նոր Հայաստան» ՀԿ-ն: Այսօրվա ասուլիսում «Նոր Հայաստան» ՀԿ-ի ղեկավար և «Տիբեթ» մտավոր, հոգևոր և հոգեբանական զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Էլեոնորա Մանանդյանն ասաց, որ տիբեթյան վանականի այցի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, հանդիպումներ, այցելություններ մարզեր: Էլեոնորա Մանանդյանի համոզմամբ` հայ հասարակությունը հիվանդ է: Հայերը, լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, արդեն վաղուց շեղվել են իրենց հիմքից: «Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, համատարած տգիտություն է, համատարած վախ և որպես այդ վախի դրսևորում` որոշակի ձևով ագրեսիա: Եվ ցանկացած ներքաղաքական, արտաքին քաղաքականության, գաղափարական-կրթական և այլ ծրագրերը ոչ մի արդյունք չեն տա, մինչև մենք յուրաքանչյուրս չփոխվենք»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ եթե ժամանակին մարդիկ խոսում էին էներգիաների մասին, ապա ժամանակակից գիտությունը սկսում է խոսել էներգաինֆորմացիոն դաշտի մասին: Իսկ դաշտում ամենաբարձր արդյունքների հասել է հենց Տիբեթը: Մանանդյանի հավաստիացմամբ` տիբեթական հասարակությունը հոգևոր զարգացումն է միշտ համարել հիմնականը, մինչդեռ հայերը կորցրել են զարգացման այդ վեկտորը: «Ես հույս ունեմ, որ եթե մեկը կողքից գա ու ասի` նայեք ինչպիսի ագրեսիայի մթնոլորտ եք դուք ձևավորել ձեր երկրում, ինչպիսի վախ եք ձևավորել, ապա մենք ամեն մեկս էդ նույն հայելու մեջ կնայենք ու կհասկանանք, որ ինչ ենք դառել մենք և ինչ էինք»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը: Նա հավաստիացրեց, որ Յեշե Նյիմայի այցն ամենևին կրոնական չէ, այլ հոգևոր: Էլեոնորա Մանանդյանը նշեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, և եթե Տիբեթի լույսը բերեն Հայաստան, ապա դրանով կարթնանա նաև հայերի լույսը, և դա օգնություն կլինի բոլորին, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցուն` որպես Հայաստանի անբաժանելի մաս: «Հենց երեկ ես հանդիպման էի Սուրբ Էջմիածնում: Միջեկեղեցական հանձնաժողովի ղեկավարը` Հովակիմ Սրբազանը, ասաց, որ իհարկե, ամբողջ հարգանքով կդիմավորեն իրեն [Յեշե Նյիմային - հեղ.]: Եվ առաջին այցելությունը, որ մենք նախատեսել ենք, հենց Մայր աթոռ Սբ. Էջմիածինն է, հետո Սուրբ Գեղարդավանք»,- ասաց Էլեոնորա Մանանդյանը: Յեշե Նյիմայի այցը նախապատրաստական է` հոգևոր բարձր կարգ ունեցող Րինպոչե Լամայի այցից առաջ: Նախատեսվում է, որ Լաման Հայաստան կայցելի հոկտեմբերին` օրհնելու հայ ազգին: