«Ֆեյքերի» դեմ պայքարն անիմաստ է (տեսանյութ)
Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կողմից քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու նախաձեռնությունը, որը վերաբերում է ԶԼՄ- ների կողմից սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների օգտագործելու խնդրին, շարունակում է մտահոգել լրատվական դաշտի ներկայացուցիչներին։ Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ նոր օրինագիծը, միևնույն է, չի կարող ապահովել մարդու արժանապատվությունը ոտնահարող, նրա անձնական կյանքին միջամտող տեղեկատվության տարածումը։ Նոր օրենքը լրատվամիջոցից պահանջում է հեռացնել անանուն մեկնաբանությունները ոչ ավել, քան 12 ամսվա ընթացքում։ «Իմ կարծիքով 12 ամիսը բավական է, որպեսզի տեղեկությունը տարածվի ամբողջ երկրով, և տվյալ անձնավորությունը հեղինակազրկվի, եթե օրենքի նպատակը այդ երևույթի կանխումն է, ապա դա անիմաստ է»։ BlogNews կայքի խմբագիր Արամ Անտինյանը գտնում է, որ օրենքում լրացումներ կատարելու կարիք չկա, քանի որ ներկայիս օրենքը շատ լավ կարգավորում է այս համակարգը։ Նա հիշեցնում է, որ ցանկության դեպքում լրատվամիջոցը կարող է շրջանցել նաև նոր օրենքը. «Ես կարող եմ Տանզանիայում մի հովիվ գտնել, և իր միջոցով ցանկացած տեղեկատվություն կամ հայհոյանք պարունակող մեկնաբանություն տեղադրել կայքում։ Հայաստանը չունի Տանզանիայի հետ դիվանագիտական հարաբերություն և միևնույն է չի կարող գտնել այդ հովիվին, կամ պատասխանատվության ենթարկել»։