Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱԶԸ ԳՈՒՅՆԵՐ Է ԾՆՈՒՄ

Մշակույթ

Ի՞նչ գույն ունի ջազը: «Ջազն այնքան գույն ունի, որ անգույն է: Իսկ այսօր դա կախված է՝ ինչ երաժշտություն կհնչի»,- ասում է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սան Վարդան Այվազյանը: Նա 15 մասնակիցներից մեկն է «Ջազի գույները» ուսանողական նկարչական մրցույթի, որը մեկնարկեց այսօր Նկարիչների տանը:

Մրցույթին մասնակցում են Գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաները: Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Սերինե Ավագյանի կարծիքով. «Ջազն ավելի կարմիր գույն ունի, քանի որ դա ագրեսիվության, խելահեղության երաժշտություն է»: Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Նկարիչների միությունը:

ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Սմիթսոնյան ազգային թանգարանի հետ, 2002թ-ից ի վեր ապրիլը հայտարարել է Ջազի Նշանավորման ամիս: Հայաստանում Ջազի օրեր կազմակերպվում են արդեն չորրորդ անգամ: Այս օրերին համերգներ կկազմակերպվեն Երեւանի տարբեր համերգասրահներում: Բացառությամբ ապրիլի 9-ին կազմակերպվելիք «Սվինգ» պարահանդեսի՝ մնացած համերգների մուտքը կլինի անվճար: