Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՌՆԱՐ ԿԱԶՈՆԻ. «ԵՂԱՆԱԿԸ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Սպորտ

Հայաստանի հավաքականի մարզիչ Բեռնար Կազոնին, պատասխանելով մեր այն հարցին, թե եղանակի անբարենպաստ պայմանները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստան - Անդորրա խաղի ելքի վրա, ասաց. «Այժմ դա ամենամեծ խնդիրն է մեզ համար: Եղանակի պատճառով չենք կարողանում ինչպես հարկն է նախապատրաստվել հանդիպմանը: Դեռ հնարավորություն չունեմ լիովին պարզել, թե որ խաղացողը ինչքանով է պատրաստ հանդիպմանը»:

Կազոնին, անդրադառնալով Քուվեյթ - Հայաստան հանդիպմանը նշեց, որ այդ մրցավեճից առաջ մեր ֆուտբոլիստները գրեթե մեկ օր չեն քնել, իսկ հանդիպման ընթացքում չեն օգտագործել բազմաթիվ գոլային պահեր: Ամեն դեպքում Կազոնին խոստովանեց, որ սրանք չեն պարտության պատճառները. «Բախտը միշտ էլ ուժեղի կողմն է: Եթե մեր ֆուտբոլիստները ունենան բարձր պրոֆեսիոնալիզմ, մենք կարող ենք հաղթել»:

Իսկ Հայաստան - Անդորրա մրցավեճից մարզիչը միայն հաղթանակ է ակնկալում. «Անդորրայի հավաքականը ինձ համար խնդիր չէ, իմ խնդիրը Հայաստանի ընտրանին է: Իհարկե, Անդորրան առաջվանը չէ եւ այժմ լավ թիմ է, որը կարողացավ 4 միավոր վաստակել մակեդոնացիների հետ խաղերում»:

Ֆրանսիացի մասնագետը շատ հանգիստ է վերաբերվում նաեւ Ալբերտ Սարգսյանի հետ կապված խնդիրին, որը հրաժարվել է հանդես գալ հավաքականում. «Ինձ դա չի հուզում: Մեզ պետք են խաղացողներ, ովքեր հավաքականի պատիվը բարձր պահելու ցանկություն ունեն»: