Կարպ Խաչվանքյանը սցենարները սովորում էր ռուսերեն տառերով (տեսանյութ)
ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 91 տարեկան։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին բախտ չի վիճակվել անձնական շփում ունենալ դերասանի հետ, բայց հիշում է՝ Խաչվանքյանը կյանքում բոլորովին ուրիշ էր. «Համեստ, ինքնամփոփ մարդ էր ու երբ նայում ես բեմում կերտած կերպարներին, զարմանում ես, որովհետև բացարձակ կապ չունեն իր տեսակի հետ»։ Պարոն Շահբազյանը համոզված է՝ Խաչվանքյանը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի խորհրդանիշն է. «Տարիներ առաջ, երբ հյուրախաղերի էինք Պարսկաստանում, ներկայացրեցինք Պարոնյանի անվան թատրոն, ու բոլորը միաձայն`Կարպ Խաչվանքյանի թատրոնն է եկել: Խաչվանքյանը մեր թատրոնի մի ամբողջ պատմություն է կերտել`աշխատելով այստեղ 1944-1998 թվականներին»,-նշում է նա: Թատրոնի տնօրենը չի ուզում պետությանն ու առավելևս՝ մշակույթի նախարարությանը ինչ-որ բան ասել: Ըստ նրա, այսօր բավարար չափով մենք հիշում ենք մեր մեծերին. «Հասարակությունը պետք է ակտիվ լինի նման հարցերում, սոցցանցերում բոլորը ինչ-որ անկապ մարդկանց մասին գրում են,մինչդեռ պետք է առաջինը գնահատենք մեր մեծերին»,-նկատում է նա: Կարո Շահբազյանը դժվարանում է առանձնացնել Կարպ Խաչվանքյանի դերերից իր ամենասիրելին: Փաստը մեկն է`նա անկրկնելի տաղանդ էր. «Կարպ Խաչվանքյանը բացառիկ էր: Չիմանալով հայերեն կարդալ ու գրել, բոլոր ներկայացումների սցենարները սովորում էր` ռուսերեն տառերով գրված: Միաժամանակ և խաղում էր, և երգում, և պարում, դա շատ քչերին է տրված»,-եզրափակեց Կարո Շահբազյանը: