Սիլվա Կապուտիկյանը կընդվզեր (տեսանյութ)
Եթե կենդանի լիներ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, այսօր կլիներ ժողովրդի կողքին։ Վստահ է նրա մտերիմներից Վիոլետա Մինասյանը. « Կյանքի վերջին տարիներին նա անընդհատ հանդես էր գալիս հրապարակախոսական ելույթներով, ասելով, որ մենք դժվար ժամանակներ ենք ապրում,որ մենք պետք է հաղթահարենք: Ես համոզված եմ, որ նա անպայման կընդվզեր, նա անպայման այսօր ժողովրդի կողքին կլիներ»: Այսօր հայ հասարակությունը հիշել էր անվանի բանաստեղծուհուն նրա ծննդյան 95-ամյակի առիթով։ Պանթեոնում նրա շիրմին ծաղիկներ դրվեցին, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում միջոցառում էր կազմակերպվել։ Գրադարանի սպասարկման վարիչ Սվետլաննա Հակոբյանի խոսքով՝ թեև մեր օրերում ընթերցանության նկատմամբ հասարակության կողմից ընդհանուր անտարբերություն կա, բայց անվանի հայուհու հարուստ պոեզիան շարունակում է ամենաընթերցվողների շարքին դասվել: Բանաստեղծուհուն մեծարելու էին եկել նաև իր անունը կրող 145 դպրոցի աշակերտները, որոնք միջոցառման ընթացքում անակնկալ մատուցեցին հիմնականում մեծահասակ լսարանին ` միաձայն ասմունքելով «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: «Ժողովուրդ պահող բանաստեղծուհի»,- մի առիթով այսպես է բնութագրել 2006-ին կյանքից հեռացած բանաստեղծուհուն գրող Պերճ Զեյթունցյանը: Սիլվա Կապուտիկյանը մինչեւ իր կյանքի վերջը առանձնացավ իր ըմբոստ կեցվածքով։ Դրա ամենավառ օրինակը 2004-ին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձնելն էր Նախագահի նստավայր: Սիլվա Կապուտիկյանն այդ որոշումը կայացրեց իրավապահների գործողություններից հետո, որոնք աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանով։