Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնանորոգման կարիք ունի (տեսանյութ)
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը թանգարանում աշխատում է 20 տարի: Ասում է, որ 20 տարի առաջ էլ ցանկալի կլիներ վերանորոգել տուն-թանգարանը, սակայն խնդիրը շատ սրվել է վերջին 5-6 տարում: Վարիչի խոսքով` 2005թ. Մշակույթի նախարարության միջոցներով թանգարանում բավականին հաջող վերանորոգման աշխատանքներ էին կատարվել, սակայն հետո տեղի է ունեցել «մեծ ջրհեղեղ». երրորդ հարկի բնակիչները ջուր են բաց թողել ամբողջ գիշեր, երբ առաջին հարկում գտնվող թանգարանում ոչ ոք չի եղել: Վարիչը կատարվածը համարում է անբարեխղճության, ոչ թե խողովակների անսարքության հետևանք՝ նշելով, որ նման դեպքեր շատ են եղել: Բացի նրանից, որ այդ օրը տուն-թանգարանի սենյակներից մեկի պատն ու առաստաղը թրջվել ու գունափոխվել են, նաև խոնավությունից թափվել է միջանցքի առաստաղի ծեփի մի մեծ հատված: Կարինե Ռաֆայելյանի խոսքով` տուժել է նաև երկրորդ հարկի բնակարանը, որի բնակիչը վերջերս վաճառել է այն: Սակայն քանի որ երկրորդ հարկի վերանորոգումն ավելի որակյալ է եղել, ջուրը պատերով հոսել է և կուտակվել առաջին հարկում: «Եթե մեր պատերին նայեք, կտեսնեք, որ առանձնապես բարեխիղճ էլ չեն մեր վերևում ապրող հարևանները,- ասում է Կարինե Ռաֆայելյանը և հավելում:- Իհարկե, դիմել ենք իրավապահ մարմիններին: Այս հարցը չստացավ իրավական առումով լուծում, թեև տրամաբանորեն պիտի ստանար»: Երրորդ հարկի բնակիչը, ով հրաժարվեց ասել իր անունը, «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց, որ 5-6 տարի առաջ որևէ բան չի եղել, և ջուրը չէր կարող 3-րդ հարկից հասնել 1-ին հարկ: «Եթե հանկարծ մի բան լինի, արդեն ես իրեն դատի կտամ, որովհետև եղել է դատ, ես ունեմ փաստաթուղթ, և դատը ապացուցել է, որ ես ընդհանրապես ոչ մի կապ չունեմ»,- ասաց բնակիչը: Նրա խոսքով` Կարինե Ռաֆայելյանը հետ է վերցրել հայցը: Իր հերթին Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ հայցը հետ է վերցրել Գրականության եւ արվեստի թանգարանը, որը և դիմել էր դատարան: Այն ժամանակ իրենք մտածում էին, որ միևնույն է` շուտով թանգարանը վերանորոգվելու է: Կարինե Ռաֆայելյանին 2011թ.-ից ասում են, որ «այս տարի» վերանորոգման հարցը կլուծվի: Վարիչը հուսով է, որ գոնե այս տարի մշակույթի և քաղաքաշինության նախարարությունները հարցը կլուծեն: «Այնպես չէ, որ այս խնդիր անտեսված է կամ տեղյակ չեն, կամ չեն ուզում այս հարցը լուծել: Ուղղակի սպասում ենք և ուզում ենք խնդրել Աստծուն, ճակատագրին, որ ավելի հրատապ և ավելի վատ մի բան տեղի չունենա ուրիշ մի մշակութային օջախում, ուրիշ մի կառույցում, որպեսզի հերթը վերջապես հասնի այս թանգարանին»- ասում է Կարինե Ռաֆայելյանը: Հիմնանորոգման դեպքում տուն-թանգարանում կտեղադրվի նաև ջեռուցման համակարգ: Այժմ ջեռուցվում են միայն աշխատակիցների աշխատասենյակները: «Մենք ապահովագրված չենք ցրտից: Դժբախտաբար, ապահովագրված չեն ցուցանմուշները»,- ասում է Կարինե Ռաֆայելյանը: Հիմնանորոգումից հետո առաջնային է նաև թանգարանում նոր ցուցադրություն ունենալու հարցը: Ներկայիս ցուցադրությունը հնացած է: Թե Դեմիրճյանի տուն-թանգարանում, թե Գրականության և արվեստի թանգարանում պահվում է գրողի բավական հարուստ ֆոնդ: Վարիչի խոսքով` հարկավոր է կարգի բերել տուն-թանգարանի առջևի ծառուղին: Այդտեղ դեռ կա Դեմիրճյանի տնկած երեք ծառից երկուսը: Եթե բարեկարգեն ծառուղին, ծառեր տնկեն, նստարան դնեն, դա կդառնա փոքրիկ այգի: Կարինե Ռաֆայելյանը պատմում է, որ տուն-թանգարանի մուտքի մոտ նախկինում տեղադրված էին աղբամաններ, որոնք քաղաքապետը երկու տարի առաջ հրահանգել էր տանել հեռու: Սակայն մոտ մեկ ամիս առաջ աղբամաններն ավելի մոտեցրել են թանգարանի շենքին, և մարդիկ նախկին հիշողությամբ աղբը կիտում են հին տեղում: Երևանի քաղաքային պանթեոնում անմխիթար վիճակում է նաև գրողի գերեզմանատեղին: Տարիներ առաջ Դեմիրճյանի գերեզմանից գողացել էին գրողի բրոնզե կիսանդրին: Բացի դրանից՝ Երևանում չկա Դեմիրճյանի արձան: «Իսկապես վաղուց ժամանակն է, որ Դեմիրճյանը իր արձանն ունենա Երևան քաղաքում: Լավագույն տասնյակի մեջ իր տեղը ունեցող հայ դասական գրողն է, որը Երևան քաղաքում չունի արձան»,- ասաց Կարինե Ռաֆայելյանը: Թանգարանի աշխատակիցները գերադասում են, որ այդ արձանը տեղադրվի տուն-թանգարանի առջևի ծառուղում: Դեմիրճյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1977թ.` գրողի վախճանվելուց 21 տարի անց: Այդ ժամանակ էլ կատարվել է հիմնանորոգում, այնուհետև մասնակի նորոգումներ և բավական լուրջ աշխատանք` 2005-ին: Սոնա Ավագյան