Ցավակցություն կամերայինից
Խորը վշտով տեղեկացանք Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր` Արամ Ղարաբեկյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է բազմափորձ դիրիժորի ավանդը Հայաստանի պետական կամերային նվագախմբի զարգացման, հայ երաժշտարվեստի միջազգայնացման ու հանրահռչակման գործում: Իրեն բնորոշ նվագացանկի ինքնատիպ ընտրությամբ Արամ Ղարաբեկյանը նոր լիցք հաղորդեց ոչ միայն նվագախմբին, այլև Երևանյան երաժշտական կյանքին: Կատարվող երկերի ոգու բացահայտումն ու մեկնաբանումը սեփական անհատականության հարազատ շեշտումով՝ դարձան դիրիժորի անշփոթելի ձեռագիրը: Սկիզբ առավ երաժշտությունը ժողովրդին հասանելի դարձնելու անհրաժեշտ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի մարզերում ու Արցախում իրականացվեցին բարեգործական համերգներ: Խորը ցավ ապրելով տաղանդավոր երաժշտի անդառնալի կորստի համար, մեր վշտակցությունն ենք հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վ. Մարտիրոսյան Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն` Ն. Նազարյան