Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանը պայքարելու է

Հասարակություն
1dd5ee84feb67312fac89760f5840918

Armenia Today կայքի համակարգող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն այսօր կրկին դատարանում էր՝ բայց ոչ թե պատասխանողի, այլ հայցվորի կարգավիճակում։ Նա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանից պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր նախորդ տարվա օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց իր նկատմամբ բռնություն էին գործադրել։ Այսօրվա դատական նիստն ավարտվեց դեռ չսկսված։ Գործով քննիչը չէր ներկայացել դատարան եւ խնդրել դատական նիստը հետաձգել։ Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց դատական նիստը հետաձգել եւ այն նշանակեց հունվարի 31-ին։ Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, սակայն, դատարանում հայտարարեց, որ դատավորը իրենց կարծիքը հաշվի չի առնում։ Արգիշտի Կիվիրյանը եւ նրա ներկայացուցիչը կարծում են, որ գործի քննությունը միտումնավոր է ձգձգվում։ Նրանց խոսքերով՝ Վարչական դատարանում էլ քննվում է ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի։ Վերջինիս դեմ հայց է ներկայացվել ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար՝ հենց նույն օրվա դրվագներով։ «Իրենք փորձելու են վարչական դատարանից պոկել որոշում, նոր անդրադառնալ այս գործին, հենց այդ կապակցությամբ քննիչը փորձում է դատարանի օգնությամբ ձգձգել գործը»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։ Նրա խոսքերով՝ դատարանն այլեւս անելիք չուներ եւ պետք է հեռանար խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Արգիշտի Կիվիրյանը նշում է, որ անելու է ամեն ինչ՝ իր դեմ բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։