Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ հողերը թողել-գնացել են

Տնտեսություն
hoxer

Անցյալ տարի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում անմշակ է մնացել 400 հա հող: Համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը, սակայն, գյուղի անմշակ հողատարածքները շատ չի համարում: Ասում է` նախորդ տարիներին գյուղում ավելի շատ էին խոպան հողերը: Քարակերտի գյուղապետը նշում է, որ գյուղացին հող մշակելուց հրաժարվում է տարբեր պատճառներով.«Շատ մարդիկ այստեղ չեն, որ հող մշակեն, հողերը թողել- ուրիշ երկրներ են գնացել»: «Մի մասը չի կարողանում ոռոգման ջրի գումարը տալ՝ հող չի մշակում», - ասաց Հարթենյանը և ավելացրեց, որ գյուղացիները հիմնականում հրաժարվում են հողագործությունից` այն համարելով ոչ եկամտաբեր գործ: Ի տարբերություն Քարակերտի, մարզի Բաղրամյան գյուղի հողերի առավել զգալի մասն է անմշակ: Գյուղապետ Բաբկեն Շահբազյանը դժվարացավ նշել, թե համայնքում քանի հեկտար անմշակ հող կա: Նրա խոսքով` գյուղի հողատարածքներն անբերրի են. «Սաղ 5-րդ կարգի հողեր են` ղռեր, հողագործության համար պիտանի չեն», - ասաց Բաղրամյանի գյուղապետը: Նա նշեց նաեւ, որ հող չմշակելու պատճառ է նաեւ ոռոգման ջրի բացակայությունը գյուղում: