Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եպիսկոպոսը՝ էվթանազիայի մասին

Հասարակություն
eftanazia

Հայ առաքելական եկեղեցին չի ողջունում էվթանազիան՝ դա համարելով միջամտություն մարդու կյանքին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Դա կոչվում է մարդուն սպանել: Ես էվթանազիան բնութագրում եմ որպես կեղծավորություն, երկերեսանիություն սոցիալական արդարության նկատմամբ»,- ասաց եպիսկոպոսը: Նա մանրամասնեց, որ եթե էվթանազիայի միջոցով ոմանք փորձում են վերջ դնել ծայրահեղ ծանր հիվանդների տառապանքներին, ապա նույն տրամաբանությամբ կարող են ցանկանալ վերջ դնել մյուս դժբախտների, օրինակ՝ անօթևան մարդկանց տառապանքներին: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նաև եսասիրական կողմ է տեսնում էվթանազիայի կիրառման մեջ: Բանախոսի ասելով՝ ծանր հիվանդներին խնամողները հաճախ փորձում են ազատվել այդ բեռից՝ պատճառաբանելով, թե այդկերպ մարդուն ազատում են տառապանքներից: «Սա ես բնութագրում եմ որպես խաչազուրկ քրիստոնեություն, քանի որ քրիստոնեության մեծագույն գաղափարներից է այն, որ մենք պարտավոր ենք հոգալ դժբախտների մասին,- ասաց եպիսկոպոսը: Նա նաև չբացառեց ծանր հիվանդի՝ հրաշքով կյանք վերադառնալու հնարավորությունը: