Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ՝ «Հայռուսգազարդ»-ին (տեսանյութ)

Տնտեսություն
djemocner

Այսօր «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը դիմում-նամակ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությանը: Նրա տեղեկացմամբ` 2 օր առաջ նմանատիպ նամակով դիմել են նաև «Հայռուսգազարդ»-ին: Պողոս Գևորգյանը հայտնեց, որ դիմումով հանդես եկած 21 ջերմոցատերեր պատկան մարմիններից պահանջում են, որ ձմռան ամիսներին վառած գազի սակագինը վճարեն առաջին բերքից հետո. « Դիմել ենք, որպեսզի օգտագործած գազի գինը վճարեն մայիս-հունիս ամիսներին, երբ առաջին բերքը ստացած լինեն, վաճառեն, որ կարողանան գումարը տալ»,- ասաց «Ջերմոցային ասոցիացիա»-ի գործադիր տնօրենը: Գևորգյանի խոսքով` ջերմոցի տերերը հայտնվել են անելանելի վիճակում: Ամբողջ սեզոնի գազի ծախսերը մարելու համար վարկ վերցրած գումարներով ֆերմերները կարողացել են միայն դեկտեմբեր ամսի օգտագործած գազի սակագինը վճարել. «Գազի որակը լավ չի, ջերմոցատերը ինչքան վառում է, չի կարողանում տաքացնել, բացի այդ, այնքան սաստիկ ձմեռ էր , որ ֆերմերները ստիպված եղան գիշեր- ցերեկ վառել», - նշում է Պողոս Գևորգյանը: «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը, սակայն, հույս չունի, որ ջերմոցի տերերի նամակին կարձագանքեն. «Մեր պաշտպանը այսօր պետք է լինի գյուղնախարարությունը, որ կարողանա կառավարության, «Հայռուսգազարդի» վրա ազդել, չեմ կարծում, որ ինչ- որ մեկը կարողանա ազդել»,- ասաց Գևորգյանը: Մենք դիմեցինք նաեւ Գյուղնախարարություն՝ պարզելու, թե որքանով կարող է գյուղացին հույսը կապել այս գերատեսչության հետ, սակայն մեր հարցմանը դեռ չեն պատասխանել։