Պատասխանատվության կենթարկվի՞ Հ. Նավասարդյանի որդին (տեսանյութ)
«Մեր երկրում պաշտոնյաներն իրենց արարքների համար պատասխանատվության չեն ենթարկվում, ուր մնաց՝ որդիների արարքների համար»։ Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու մեքենայի մեջ հայտնաբերված դանակի եւ թմրանյութի դեպքին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը «Այբ-ֆե»-ի տաղավարում։ «Մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ, մեզ հետ միջադեպի ժամանակ էլ ես տեղեկություն ունեի, որ նա թմրանյութի ազդեցության տակ էր։ Նա եկել էր հանրային վայր եւ հայհոյում էր, բայց ոչ մի պատասխանատվության չենթարկվեց»,-նշեց ակտիվիստը։ Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացմանը, Կարեն Հարությունյանի խոսքերով՝ խնդիրը պետք է լուծել համակարգային ձեւով։ «Հիմա քաղաքապետարանում լուծումներ են նախապատրաստում, թե ինչպես սակագնի բարձրացումից հետո կանխեն դժգոհության ալիքները։ Դրանից հետո նոր կմտածեն սակագնի բարձրացման մասին»,-եզրափակեց քաղաքացիական ակտիվիստը։ Դիտեք նաեւ տեսանյութը