ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ»
Աջակցիր «Ա1+»-ին2005թ. ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբի մասնակիցների անունները արդեն հայտնի են, սակայն որոշ թիմեր դեռ չեն մուծել մասնակցության համար սահմանված մուտքավճարները: Դրա պատճառով նրանք կարող են նույնիսկ դուրս մնալ առաջնությունից: Բացի այդ որոշ ակումբներ չեն կատարել նաեւ արտոնագրման պահանջները:
Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա բարձրագույն խմբում մասնակցելու են 9, իսկ առաջին խմբում 18 թիմեր: Հետաքրքիր է, որ այս ակումբներից 4-ը իրենց հանդիպումներն անցկացնելու են «Հանրապետական» մարզադաշտում:
Բարձրագույն խմբից այնտեղ հանդես կգան «Փյունիկը», «Բանանցը» եւ «Էստեղլալ Կոտայքը», իսկ առաջին խմբից նորաստեղծ «Երեւան Յունայթեդը»: Եթե առաջին 2-ը մինչ այդ էլ հանդես էին գալիս Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, ապա վերջին 2 թիմերը այդ հնարավորությունը ստացել են նոր հովանավորների շնորհիվ: Այս մարզադաշտում են անցկացվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաեւ եվրագավաթներում հայաստանյան թիմերի մասնակցությամբ հանդիպումները:
Փոխչեմպիոն «Միկան» «Նաիրի» մարզադաշտից կրկին կվերադառնա Ոսկեհատ, որտեղ իր հանդիպումները կանցկացնի նաեւ «Արարատը»: