Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 «ԱՐԱՐԱՏ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Սպորտ

Նախորդ տարի «Արարատ» ակումբը, չունենալով բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք, առաջնությանը մասնակցեց «Լեռնագործ-Արարատ» ակումբի անվան ներքո եւ որոշ ժամանակ անց կրկին վերանվանվեց «Արարատ»: Միաժամանակ 1-ին խմբում հանդես եկավ «Արարատ-2» թիմը, որը չկարողացավ մրցանակային տեղ գրավել: Իսկ այսօր այդ 2 ակումբները բաժանվել են միմյանցից:

1-ին խմբի «Արարատ»-ը մարզում է Արկադի Անդրեասյանը, իսկ ակումբը շարունակում են հովանավորել շվեցարահայերը: Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատին» շարունակում է մարզել Սեւադա Արզումանյանը, իսկ նախագահն է Վազգեն Պետրոսյանը:

2004թ. դեկտեմբերին հայտարարվեց, որ բարձրագույն խմբի «Արարատը» մարզելու է Անդրեասյանը. Վազգեն Պետրոսյանը զբաղվածության պատճառով հեռացավ: Սակայն շվեցարահայերի հետ տարաձայնությունների պատճառով նա կրկին վերդարձել է եւ տեր կանգնել «Արարատին»: Անդրեասյանը, փաստորեն, այսօր մարզում է «Արարատ-2»-ը, որը շարունակում է ցանկանալ հանդես գալ բարձրագույն խմբում, չնայած դրա իրավունքը չունի:

Այս 2 ակումբների մեջ արդեն ակնհայտ թշնամանք է ձեւավորվել: Օրերս «Արարատ-2»-ի պաշտոնաթերթը համարվող «Ֆուտբոլ Ռեվյու» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Արզումանյանը, որը «Արարատ-1»-ի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի հայրն է, հեռացել է իր պաշտոնից: Բացի այդ, լուրջ ֆինանսական տարաձայնություններ կան ակումբների ղեկավարների միջեւ:

Բարձրագույն խմբի «Արարատի» մարզիչ Սեւադա Արզումանյանից տեղեկացանք, որ ակումբը նախապատրաստվում է առաջնությանը, եւ 2004թ. թիմի խաղացողների հիմնական կորիզը հենց իրենց մոտ է:

Ավելացնենք, որ «Արարատ-1»-ի ղեկավարները շուտով մամուլի ասուլիս են հրավիրելու` թուրիմացության մանրամասների մասին խոսելու նպատկով:

Հ. Գ. Արդեն «Արարատ» նախկին եւ «Արարատ-2» ներկայիս շվեյցարահայ հովհանավորները մտնում են նաեւ շվեյցարական հայտնի «Սերվետ» ակումբի բաժնետերի մեջ: Այս ակումբը վերջերս սնանկացել է եւ հայտնվել է բավականին ծանր իրավիճակում: