ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել 2004թ. մրցաշրջանի արդյունքները ամփոփելու նպատակով: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Հայաստանի առաջնությունը առաջընթաց չի արձանագրել համեմատած 2003թ.-ի, եւ պետք է փաստել, որ թույլ առաջնություն ունենք:
Մեր ֆուտբոլի մակարդակը բարձրացնելու միջոցը, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մանկապատանեկան առաջնությունն է, որի վրա էլ մեծ ծավալի աշխատանք է կատարում ՀՖՖ-ն: Հայրապետյանը դժգոհ էր մրցավարությունից. «Այս տարվա մրցավարությունը գնահատում եմ անբավարար: Մրցավարների սխալները որոշ խաղերի արդյունքների վրա ազդեցին, սակայն մրցաշարային աղյուսակին դա չանդրադարձավ»:
Բացի առաջնությունից խոսվեց նաեւ այլ խնդիրների շուրջ: Մասնավորապես, «Ձորաղբյուրի» մարզաբազայի հետ կապված խնդրի մասին ՀՖՖ նախագահը ասաց. «Այս մարզաբազան «Արարատ» ակումբինը չէ, այլ ինչ-որ կազմակերպության: Մեր իշխանությունները իրավունք չունենին նման մարզաբազան հանձնել այնպիսի կազմակերպության, որը այդ համալիրը սարքել է 5-10 հոգու աշխատավայր: Ես որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ամեն ինչ անելու եմ, որ այս պայմանագիրը վերանայվի եւ դրական լուծում ստանա»:
Անդրադառնալով հավաքականին, Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ հունվարի 6-ից նախատեսված հայաստանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների հետ ուսումնամարզական հավաքը ձախողվել է. «Մեր բոլոր ակումբները մինչեւ հունվարի 15-ը իրենց ֆուտբոլիստներին արձակուրդ են տվել, որի պատճառով էլ հավաք հնարավոր չէ անցկացնել»: