Ցածր ջերմաստիճանը սպառնո՞ւմ է այգիներին (տեսանյութ)
Արարատյան դաշտավայրում գրանցված ցածր ջերմաստիճանը վտանգավոր չէ և ցրտահարություն չի առաջացնի։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով՝ ներկա դրությամբ ցրտահարության վտանգ չկա պտղատու ծառերի համար։
Նա նշեց, որ ցրտահարության ռիսկը մեծ է խաղողի չթաղված վազերի համար. «Խաղողի չթաղված վազի համար, որը դիմանում է մինչև - 16 աստիճան ցրտին, ցրտահարության վտանգը մեծ է։ Խաղողի վազի մատերը ծածկված են եղյամով, իսկ եղյամը պաշտպանում է խաղողը ցրտահարությունից»։ Իսկ եթե խաղողի վազը թաղված է, ցրտահարության վտանգ չկա։
Ըստ Գյուղատնտեսության փոխնախարարի՝ ցրտահարություն չի սպասում նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերին.«Այդ ցանքատարածություններն այս պահի դրությամբ անվնաս են, ամբողջությամբ ծածկված են կայուն ձյան շերտով, իսկ քանի դեռ ծածկված է ձյան շերտով, բացարձակապես վտանգ չի սպառնում», - ընդգծեց նա։