Ժամը մեկ 5-6 ոչխար է սատկում. Խդըր Հասոյան
Դեկտեմբերի 22-ից Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ոչխարների զանգվածային անկման դեպք է գրանցվել։ Ահազանգում են Մյասնիկյան համայնքի անասնատերերը։
Մյասնիկյան համայնքի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ գյուղում անկել է ավելի քան 300 գլուխ ոչխար։ Համայնքի ղեկավարը հայտեց, որ սատկած կենդանիները պատկանում են 4 ընտանիքների։
Անկել են Խդըր Հասոյանի 100 ոչխարները։ Անասնատիրոջ փոխանցմամբ՝ ոչխարների անկման պատճառը հայտնի չէ. «Ժամը մեկ 5-6 ոչխար է սատկում, չգիտեմ, թե ինչից է, նման բան դեռ չէր եղել», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հասոյանը։
Նա ավելացնում է, որ ոչխարներից մի քանիսը եղել են հղի վիճակում։
«Հիվանդ չեն եղել ոչխարները, գնացել են դաշտ, շոռան են կերել (խոտի տեսակ է), երևի շատ են կերել, աղի խոտ է, անասունների ստամոքսը չի կարողացել աղալ, սատկել են», - ոչխարների անկման պատճառը մեկնաբանում է անասնատերը։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները գտնվում են Մյասնիկյան գյուղում։ Նրանք փորձանմուշներ են վերցնում կենդանիներից, լաբորատոր փորձաքննությունից հետո պարզ կլինի կենդանիների անկման պատճառը։