Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանին պաշտպանում են լրագրողներից (տեսանյութ)

Հասարակություն
3e999c8262f3b01219566cfd29f41206

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունն այսօր Տնտեսագիտական համալսարանի շրջակայքում լուրջ իրարանցում է առաջացրել։ Լրագրողներին չեն թույլատրել մասնակցել թեզի պաշտպանությանը, իսկ Տարոն Մարգարյանին լրագրողներից պաշտպանելու գործին լծվել էին մի խումբ ուսանողներ, որոնք նույնիսկ հայհոյանքներ են տեղացել լրագրողների հասցեին։

Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության թեման է «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»։

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել»,- Ֆեյսբուքում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որ հարկ է համարում այս կապակցությամբ նշել.

1.
Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2.
«Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3.
Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4.
Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսի՞ն եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5.
Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:

Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ-ն լինելու է օբյեկտիվ և անաչառ: