ԳԱԱ նախագահը՝ Տարոն Մարգարյանի թեզի մասին (տեսանյութ)
Անկախ դիրքից ու պաշտոնից, եթե գիտության մեջ ասելիք ունի, այդ մարդը կարող է ասել, եւ դա չպետք է դառնա շահարկումների առարկա: Այս կարծիքին է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որը որոշել է տնտեսագիտությունից գիտական թեզ պաշտպանել:
«Գոյություն ունի գիտական խորհուրդ, գիտնականներ այդ ասպարեզի, որոնք այդ աշխատանքը լսելուց հետո կարող են կարծիք ասել: Պաշտպանել դա դեռ չի նշանակում նաեւ թեզ ստանալ, պաշտպանելը նաեւ դրական պետք է լինի: Չի բացառվում, որ ցանկացած պաշտպանությունից հետո խորհուրդը չընդունի»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պարոն Մարտիրոսյանը:
Լրագրողի այն հարցին, թե որպես կանոն` չինովնիկների գիտական թեզերն ընդունում են, Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքեց. «Չէ լավ էլի, էդպես չի»:
Իսկ արդյոք կա՞ն չինովնիկներ, որոնք կտրվել են. «Սա քննություն չէ, ես չեմ հիշում, չգիտեմ: Այդ խնդրին լուծում կա: Օրինակ` ՌԴ-ում դա շուտով լուծվելու է. մտցվելու է երկու գիտական աստիճան, որոնցից մեկը կոչվում է բիզնես կառավարում, մյուսն էլ` հասարակական կառավարում` այդպիսի մարդկանց համար, որոնք պաշտոնյա են: Նրանք կարող են պաշտպանել, սակայն դրանք գիտական կոչումներ չեն: Այստեղ խնդիր կա` այդ պաշտոնը թողնելուց հետո այդ աստիճանն ինչպես է օգտագործվելու: Այդ հարցը, որ լուծվի, լավ կլինի»:
ԳԱԱ նախագահի կարծիքով` անուղղակի չափազանցված է քաղաքապետի շուրջ ստեղծված այս աղմուկը. «Հարյուրավոր պետական ապարատի աշխատողներ են պաշտպանել, ի՞նչ է եղել այդ տղային»: