Լրագրողը նյարդային համակարգի դեր է կատարում
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը բարձր է գնահատում երեկ ԱԺ-ում լրագրողների կազմակերպած բողոքի ակցիան։
Նա տեղյակ է, որ վիճաբանություն է եղել՝ արդյո՞ք լրագրողը պետք է թողնի իր գործը եւ զբաղվի նրանով, ինչով զբաղվում էին քաղաքացիական ակտիվիստները դրսում։ «Բայց դա այն իրավիճակն է, երբ քաղաքացի լինելը շատ ավելի կարեւոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄԱ նախագահը։
Ամփոփելով 2013 թ-ը՝ պարոն Նավասարդյանը երկու ուշադրության արժանի զարգացումներ առանձնացրեց։ Առաջինը՝ Հեղինակային իրավունքի մասին օրինագիծը, որով մեծ ուշադրություն է դարձվում ԶԼՄ-ներում մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքի պահպանմանը. «Մի քանի դատական հայցեր պետք է ներկայացվեն թե լրատվամիջոցների եւ թե կոնկրետ լրագրողի դեմ»։
Տարվա 2-րդ զարգացումը պարոն Նավասարդյանը համարում է թվայնացման գործընթացի սկսումը, որն ավարտվելու է մինչեւ 2015 թ կեսերը։
Սակայն, նրա խոսքերով, դեռ պարզ չէ, թե գործընթացն ինչպես է զարգանալու։
Վերջում պարոն Նավասարդյանը բոլոր լրագրողներին հիշեցրեց, որ մենք հասարակության նյարդն ենք, եւ պետք է անմիջապես զգալ, թե ինչ է կատարվում։
2014 թ նա լրագրողներին ցանկացավ հնարավորինս այդ նյարդային համակարգի դերը պահպանել եւ իրականացնել. «Որովհետեւ եթե պասիվանում ենք, նյարդային համակարգը հոգնած եւ չաշխատող է դառնում»,- եզրափակեց նա։