Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակակարկտային կայանները կրակել էին ամպերի դե՞մ

Հասարակություն
c043b3ffc0ad51060798a26d6c14b723

Անցնող տարին գյուղատնտեսության համար դժվար տարի էր։ Բանջարաբոստանային կուլտուրաների համար տարին նույնպես նպաստավոր չէր։ Այս մասին այսօր հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում լոլիկի արտադրությունը կրկնակի նվազել է, 40 տոկոսով նվազել են պղպեղի և սմբուկի մշակությունը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահը հայտնեց, որ կրճատվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, փոխարենն ավելացել են հացազգիների եւ անասնակերի ցանքատարածությունները։ Նրա խոսքով՝ ցանքատարածությունների կրճատման պատճառը ցեցն էր։

Անդրադառնալով մթերման խնդիրներին՝ Բերբերյանը նշեց, որ անհրաժեշտ է մրցակցություն ստեղծել մթերող կազմակերպությունների միջև. «Մթերող մի կազմակերպություն կա, որ մի կողմից լավ է, որ ապրանքը մթերվում է, մյուս կողմից մոնոպոլիա է ստեղծել, որը գյուղացուն թելադրում է իր գները», - ավելացրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։

Նրա խոսքերով՝ գյուղացին այս տարի զգալի վնաս կրեց կարկտահարություն պատճառով։

Բերբերյանն ասաց, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե հակակարկտային կայանները կրակել էին ամպերի դե՞մ, թե՞ չէ: Ըստ նրա՝ հակակարկտային կայանների ոլորտում անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ. «Դա ծառայություն է, այդ ծառայությունը պետք է գյուղացու հետ հստակ պայմանագրեր ունենա ծառայություն մատուցելու համար։ Եթե ունենաք մի այդպիսի կազմակերպություն, որը հակակարկտային ծառայության համար գումար կստանա, այդ ժամանակ բոլորս գոհ կլինենք հակակարկտային կայանների աշխատանքից», - նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։