Լավագույն թիմ` Secret Wishes
Ամփոփվել են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի արդյունքները:
Լավագույն հավելված անվանակարգում հաղթող ճանաչվեց Musella թիմը: Ժյուրիի անդամների կողմից որպես լավագույն թիմ ընտրվեց Secret Wishes-ը: Այս երկու թիմերը կիսեցին 1 մլն դրամ գլխավոր մրցանակը:
Խրախուսական մրցանակներ` նոր սերնդի սմարթֆոններ ստացան լավագույն բիզնես-գաղափար ներկայացրած Jointly me, լավագույն խաղ մշակած «Ավազ» և ամենանորարար մոտեցում առաջարկած amenalav.am թիմերը:
Բոլոր հաղթողները բաժանորդագրության անվճար փաթեթներ ստացան Ucom ընկերության կողմից:
Խրախուսական մրցանակներ հանձնվեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից:
«Ամերիա» ընկերությունների խումբն ի սկզբանե նախատեսել էր ֆինանսական ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի համար հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս: Քանի որ ներկայացված աշխատանքներում բացակայում էր ֆինանսական ոլորտին առնչվող նախատիպ, Ամերիան նախընտրեց մրցանակը շնորհել այն աշխատանքի համար, որը տալիս էր ավելին իրագործելու ազատություն: «Ամերիա» հատուկ մրցանակը շնորհվեց Նարեկ Հայրապետյանին` Mussela նախագծի համար, որը տալիս է ստեղծագործելու ազատություն:
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարարության և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին:
Ի՞նչ է Հեքըթոնը
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: