Անժամկետ դասադուլ Հնաբերդում (տեսանյութ)
Արարատի մարզի Հնաբերդ գյուղի դպրոցում անժամկետ դասադուլ է: Աշակերտներն ու ուսուցիչները բողոքում են դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու Արարատի նորընտիր մարզպետի որոշման դեմ.«Մենք նոր մարզպետ ունենք, չգիտեմ՝ ինչպես են նրան ներկայացրել տնօրենին, և հիմա անհիմն կերպով ազատում են տնօրենին աշխատանքից», - ասաց ուսուցիչներից Մանուշ Մաթևոսյանը:
Նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից հեռացնելու պատճառաբանությունը երեխաների սննդի համար լրացուցից հավաքված 500 դրամներն են եղել: Ըստ ծնողների՝ նախաձեռնությունը եղել է իրենցը, որոնք որոշել են 1000-ական դրամ հավաքել սնունդը բարելավելու, իսկ 500 դրամ էլ՝ ափսեները լվանալու պարագաներ գնելու համար.«Որոշել ենք խոհարարին օգնել», - վստահեցրեց ծնողական կոմիտեի նախագահ Շուշան Սարգսյանը:
Դպրոցի տնտեսվարը զարմացած է: Մարզպետարանի աշխատակիցների հետ փաստաթղթերը ստուգել, կեղծիքներ չեն արձանագրել, սակայն 5 օր անց եկել և պնդել են, թե խախտումներ կան. «Մեր տնօրենի գլխին ուղղակի սարքում են» , - նշեց Ելենա Կիրակոսյանը;
Տնօրեն Անժելա Մեջլումյանը մինչ աշխատանքից ազատվելը մեկ անգամ էլ մարզպետարանից նկատողություն էր ստացել գույքի նկատմամբ անուշադիր լինելու համար, իսկ գույքը դպրոցի բակի ծառն է եղել, որ գիշերը ինչ-որ մեկը կտրել է. «Ծառը կտրելը ծրագրած է եղել իմ դեմ, ծառը աշխատանքային ժամից դուրս են կտրել», - վստահեցնում է Արարատի մարզի Հնաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանը։
Հնաբերդի դպրոցի աշակերտներն ու ծնողները վստահ են՝ տեղի ունեցածը բանսարկություն է: Իսկ Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանի փոխանցմամբ՝ դպրոցում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, եւ հրամանը անհիմն չէ։ Ըստ փոխմարզպետի ՝ անկախ նրանից, թե 500 դրամները ծնողների նախաձեռնությամբ են հավաքել, թե ոչ, տնօրենը պետք է տեղյակ լիներ և կանխեր։