Շուկայի աշխատակիցներն անհանգստացած են
«Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ գտնվող փակ շուկայի աշխատակիցներին այսօր վաղ առավոտից անհանգստացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց շուկայի պատասխանատու Գառնիկ Արշակյանը։
«Սա նրանց հերթական այցն է։ Այսօր մեզ տեղեկացրին, որ մեր հետ այլեւս պայմանագիր չեն կնքելու, ցանկանում են վերանորոգել շուկան եւ իրենք աշխատացնեն։ «Հարավկովկասյան» ընկերությունը շուկայի աշխատակիցների հետ պայմանագիր է կնքել միայն ձմռան եւ գարնան ամիսների համար։ Բայց մենք ինչու՞ պետք է շուկան իրենց տանք, մենք էլ կարող ենք վերանորոգել եւ շարունակել աշխատել։ Հասկացանք, որ շուկան ռուսները վերցրել են, բայց չի կարելի մարդկանց հացից կտրել»,- ասաց պարոն Արշակյանը։
«Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ գտնվող փակ շուկան պատկանում է «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությանը։ Ընկերության լրատվության բաժնի պետ Վահե Դավթյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այսօր իրենց ընկերության աշխատակիցները չեն եղել շուկայում։
«Կազմակերպություն կար, որ վարձել էր շուկայի տարածքը։ Այդ կազմակերպության վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Կառավարության ու Կապի եւ տրանսպորտի նախարարության որոշմամբ տարածքը տրվել է մեկ այլ ընկերության, որն էլ կբարեկարգի տարածքը։ Արդեն նոր պայմանագիր կա եռակողմ՝ «Հարավկովկասյան ընկերության», Կապի եւ տրանսպորտի նախարարության ու նոր կազմակերպության միջեւ։
Շուկայի տարածքը կբարեկարգվի, պայմանները կբարելավվեն, եւ շուկայի գործունեությունը կշարունակվի»,-ասաց պարոն Դավթյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ այսօր շուկա են այցելել նոր ընկերության աշխատակիցները։
Իսկ նոր ընկերության անունն անգամ ոչ ոք չգիտեր։