Քիմիկոսների դատավճիռը չփոխվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քիմիկոսների գործով մասնակիորեն բավարարել է միայն Հակոբ Համբարձումյանի պաշտպանի միջնորդությունը։
Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն այսօր նրա մասով նշանակված պատժի մասը փոփոխել է եւ վերջնական ազատազրկման դատապարտել 8 տարի 11 ամիս 26 օր ժամանակով։ Նա պատիժը կրելու ընթացքում կգտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ։
Ինչպես Հակոբ Համբարձումյանը, այնպես էլ մյուս 8 քիմիկոսները՝ Սիրակ Ղամբարյանը, Արմեն Բաղդասարյանը, Սամվել Մկրտումյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Վարդանյանը, Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեբեջյանը, Սամվել Խաչատրյանը, մեղադրվում են թմրամիջոց պատրաստելու մեջ։ Այսօր դատարանը նրանց մասով դատավճիռը թողեց անփոփոխ։
Ամբաստանյալները, որոնք «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ»-ի նախկին աշխատակիցներ են, նշում են, որ ցուցմունքները իրենցից կորզվել են խոշտանգումների միջոցով։