Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու քաղաքացիական հասարակությունը չի համախմբվում (տեսանյութ)

Հասարակություն
1031a3640e8e85a70ce271b95d6d0d1d

Մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, երբ վարչախումբը կարծես թե պատերազմ է հայտարարել սեփական բնակչությանը: Այս համոզմանն է «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը, որը երկրի փրկությունը տեսնում է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության մեջ:

Հատկապես վերջին տարիներին քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական ուժերից ավելի մեծ հեղինակություն ունեն եւ ստանձնել են նրանց գործառույթները` կարծում է նա. «Մենք չունենք պետություն ու կուսակցություններ, ահա, թե ինչու է այդ երկու գործառույթներն իր վրա վերցնում քաղաքացիական հասարակությունը, որը բնազդով հասկանում է, որ երկիրն ու ազգը պետք է կառավարվի»:

2013թ. աչքի ընկավ բողոքի ակցիաների եւ քաղաքացիական նոր նախաձեռնությունների առատությամբ ու բազմազանությամբ: Հատկապես ակտիվ էր ամառը, երբ մեկնարկեցին գազի, քաղաքային տրանսպորտի սակագների դեմ բողոքի ակցիաները, Կոմիտաս 5-ի, Փակ շուկայի փրկության, ապա` ավելի ուշ, բուհերում վարձավճարների, ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցության, Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ սկսված շարժումները:
Բոլոր այս նախաձեռնություններն ու շարժումները հայտարարում են, որ իրենք բացառում են քաղաքական ուղղվածությունը: Նրանք նաեւ նախընտրում են հանդես գալ առանձին-առանձին: Ո՞րն է պատճառը, որ նրանք չեն համախմբվում: Տիգրան Խզմալյանի համոզմամբ` մենք հայ ենք ու բոլորս էլ տարբեր, եւ իշխանական համակարգն էլ ամեն ինչ անում է` կանխելու համախմբումը. «Ինչպես 6-րդ դասարանում ֆիզիկայի դասերին ցույց են տալիս մագնիսի գործողությունը, երբ թեփի մեջ լցնում են երկաթի փշրանքներ, իրենք չեն տարբերվում թեփից, սակայն երբ մոտեցնում են մագնիսը, անմիջապես դրանք հավաքվում են մի տեղ եւ մի կուռ մետաղյա բռունցք են դառնում, դա տեղի կունենա շատ արագ»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հասարակության մեջ չկա այն մտածելակերպը, որ եթե դա այսօր ինձ չի վերաբերում, կապ չունի, ես պետք է պայքարեմ, որպեսզի վաղն էլ այն հարցով, որ ինձ է վերաբերում, գան- միանան ինձ:

Արդյոք առանձին-առանձին հանդես գալով` քաղաքացիական նախաձեռնությունները ցանկանո՞ւմ են տարբեր ուղղություններով հարվածել իշխանությունների վարած քաղաքականությանը: Տիգրան Խզմալյանի նկարագրմամբ` իրենք գործ ունեն լավ ամրացված ամրոցի հետ, եւ այն գրավելու տարբեր եղանակներ կան. «Կարելի է փորձել գնալ ճակատային գրոհի, եւ տալ մեծ կորուստներ, կարելի է ընտրել թույլ օղակ, մի պատուհան, դուռ, ճաք եւ խփել այնտեղ: Մենք փորձարկում ենք տարբեր եղանակներ, սա մեր դեմ պատերազմ է, եւ մենք ինքնապաշտպանության ենք անցել: Մենք դիմադրության շարժում ենք»:

Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ քաղաքացիական նախաձեռնությունները դեռ այդքան ազդեցություն չունեն` առավել մեծ հաջողությունների հասնելու համար, քանի որ մեր քաղաքացիներից քչերն են տիրապետում իրենց իրավունքներին ու պարտականություններին. «Չեն կարդում, չեն ուզում իմանալ, սա է խնդիրը, որ չի ստեղծվում այն իրավիճակը, այն քաղաքացիական նախաձեռնությունը, որի մասին խոսում են վերջին 22 տարում` Անկախությունից ի վեր:

Իբրեւ քաղաքացիական պայքարի այս տարվա հաջող օրինակ` պարոն Քոչարյանն առանձնացնում է քաղաքային տրանսպորտի սակագնի դեմ սկսված պայքարը. «Բոլորի գրպանին այդ պահին կպնում էր, այսինքն` կպնում էր շատերի շահերին, դրա համար էլ ինքն ունեցավ ավելի մեծ ազդեցություն, եւ գոնե ինչ-որ առումով գոնե այս պահը հասավ հաջողության»: