Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող մարդիկ կաշխատեն ՏՏ ոլորտում

Հասարակություն
86fa485a9d3f11c95d416ce122a233c3

«Հայաստանում ապրում է պաշտոնապես գրանցված 189.500 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից զգալի տոկոս են կազմում բարձրագույն կրթություն ունեցող և տեխնոլոգիական ոլորտի գրագետ մարդիկ, իսկ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտն այս մասնագետների սուր պահանջարկ ունի»,- այսօր այս մասին լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս նպատակով Կարեն Վարդանյանը, «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան համատեղ իրականացնում են ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտներում աշխատանքի տեղավորելու համար:

Ծրագրի առաջնային նպատակն է ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձանց, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի փորձառու դասավանդողների օգնությամբ 7-ամսյա դասընթացների ընթացքում տալ նրանց տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ և հետագայում նրանց ընդգրկել աշխատանքի մեջ: Այսպիսով՝ ծրագրի ընթացքում 10-12 լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:

Ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ մարկետինգի մասնագետները, ծանոթանալով և գնահատելով հաշմանդամություն ունեցող անձանց գիտելիքներն ու կարողությունները, կբանակցեն պատվիրատուների հետ` ձեռք բերելով պատվերներ նրանց համար»:
«Կարծրատիպերը հաղթահարել կարելի է միայն գործով, որքան էլ մենք պատմենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամ են, ոչնչով մյուսներից չեն տարբերվում, միևնույն է, եթե գործ չկա, որը կապացուցի մեր ասածը, ապա ապարդյուն է: Եթե մարդ տեսնի, որ իր կողքին աշխատում է հաշմանդամություն ունեցող մարդ, որը շատ լավ աշխատում և ոչնչով չի զիջում մյուսներին, ապա խոսքերն ավելորդ են»,- ասում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

Ծրագրին մասնակցելու համար հաշմանդամություն ունեցողներն իրենք պետք է դիմեն և որևէ սահմանափակում չկա: Այս դրամաշնորհով իրականացվող ծրագիրը շարունակական են լինելու: