«Տարոն Մարգարյանն իր շքախմբով փախավ»
Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն է։ Նա իր 7 ընկերների հետ երեկ Տարոն Մարգարյանին փորձել է հիշեցնել քաղաքում տիրող անարդարությունների մասին, մասնավորապես՝ Ծածկած շուկայի ոչնչացման մասին։ Այսօր այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեւորգ Սաֆարյանը։
«Մենք գիտեինք, որ Տարոն Մարգարյանը լինելու է հրապարակում եւ վառելու գլխավոր տոնածառի լույսերը։ Մեծ գումարներ են ծախսվում այս կամ այն միջոցառման համար, մինչդեռ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Իսկ Տարոն Մարգարյանը տոնածառի լույսեր վառելով, քաղաքը զարդարելով թոզ է փչում բնակիչների աչքերին, որ քաղաքում ամեն ինչ նորմալ է, իբր տրամադրություն կա։ Ես բարձրախոսով հայտնեցի, որ Ծածկած շուկան, որը մեր եւ մեր հաջորդ սերունդների պատմամշակութային ժառանգությունն է, ոչնչացվում է Տարոն Մարգարյանի հանցավոր լռության ներքո»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը։ Նրա խոսքով, այդ պահին իրեն են մոտեցել մի քանի ոստիկաններ եւ սկսել հրմշտել։
«Քաշքշեցին, փորձեցին ձեռքիցս խլել բարձրախոսը, պոկել լարը, որ չկարողանամ խոսել։ Ընկերներիս հետ փորձեցինք մանեւրել եւ ավելի մոտենալ Տարոն Մարգարյանի շքախմբին։ Իր շքախմբով Տարոնը սկսեց փախչել։ Մենք ավելի մոտեցանք նրանց, եւ այդ պահին մեզ մոտեցան ավելի մեծ թվով ոստիկաններ եւ սկսեցին ինձ քաշքշել, հրել եւ հայհոյել»,- նշեց քաղաքացիական ակտիվիստը։
Ըստ Գեւորգի, ոստիկաններն իրեն հավաստիացրել են, որ որեւէ գործողություն չեն անելու. «Սակայն ինձ եւ Արմենին տարան ոստիկանական մեքենա եւ այնուհետեւ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։ Մեր նկատմամբ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով գործ հարուցեցին՝ ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար»։
Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ երիտասարդների նկատմամբ գործ չի հարուցվել։ «Կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն»,-նշեց պարոն Մալխասյանը։