Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիմիկոսները հայտնվել են ամբաստանյալի աթոռին

Հասարակություն
d7777b0c9731640abe42b23a3efe6812

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է քիմիկոսների գործով դատավարությունը։ Բոլոր 9 ամբաստանյալներն էլ պնդում են, որ 7-12 տարվա ազատազրկման են դատապարտվել սարքովի գործի պատճառով: Նրանք մեղադրվում են թմրամիջոց պատրաստելու մեջ։ 

Երկրաբանական գիտությունների թեկնածու 78 ամյա Սիրաժ Ղամբարյանը մեկն է նրանցից, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ ամֆետամին տեսակի թմրամիջոցի համար անհրաժեշտ նյութեր պատրաստելու համար։ «Դուք ոնց կարող եք ապացուցել, որ ես հանցավոր համաձայնության եմ եկել։ Մենք փորձել ենք արտադրել պրոդուկտ, որը լավագույն դեպքում պետք է հանդիսանար միջանկյալ, ոչ վերջնական պրոդուկտ»,-հայտարարեց Սիրաժ Ղամբարյանը։

Ամբաստանյալները «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ»-ի աշխատակիցներ են: Ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը հայտարարում է, որ ցուցմունքները պարզապես կորզվել են. «Մարդկանց ծեծելով, երեխեքին ծեծելով, էլեկտրաշոկով, պոդլի, կեղտոտ ձեւով սարքել են մարդկանց գլխին։ 1937 թիվն են սարքել»։ Գործով անցնող 9 ամբաստանյալներից հինգը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը։ Այսօրվա դատական նիստում պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել, սակայն դատարանը միջնորդության լուծումը հետաձգեց։

Դատական նիստին հետեւում էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Տպավորություն է, որ ինչ- որ մեկը հաշվեհարդար է տեսնում մարդկանց բանտեր նետելով»,-նշեց տիկին Ալեքսանյանը։