Գնում են օդանավակայան (տեսանյութ)
Լցրեք ձեր ճամպրուկները գաղափարներով և եկեք «Զվարթնոց» օդանավակայան՝ ոչ թե մեկնելու, այլ այդ գաղափարներն աշխարհին ներկայացնելու: Այս կոչը «Հանրային լրագրության ակումբի» և «Հեքըթոն[ՅԱՆ]» նախագծի համակազմակերպիչ Սեդա Մուրադյանինն է՝ ուղղված «Հեքըթոն[ՅԱՆ] 2013» մրցույթի մասնակիցներին:
Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը, որ երրորդ անգամ է անցկացվում, տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը «Զվարթնոց» օդանավակայանում: Նորարարության և ծրագրավորման այս յուրատեսակ փառատոնի ընթացքում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները` տարբեր ոլորտներում խնդիրների լուծման նորարար նախատիպերը: Թեմատիկ որևէ սահմանափակում չկա:
«Նորարար մտածողության մեջ թռիչքի վերջնակետը կարող է լինել ամբողջ աշխարհը: Տեխնոլոգիաները, որոնցով առաջնորդվում է «Հեքըթոնը», սահմաններ չունեն: Լավ թիմը կարող է այդ թռիչքը իրականացնել աշխարհի շուրջ»,- ասաց Սեդա Մուրադյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված, մրցույթին նվիրված ասուլիսում:
Եվա Հյուսյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրենը, նշեց, որ եթե նախորդ 2 տարիներին մրցույթին ներկայացվում էր 30-35-ական հայտ, ապա այս տարի ակնկալվում է 45-50 թիմի մասնակցություն:
«Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է,- ասաց Հյուսյանը և հավելեց:- Շատ հաճախ ունեցել ենք դեպքեր, երբ երիտասարդները, «Հեքըթոնից» ոգեշնչված, իրենց ընկերությունն են ստեղծել: Արդեն ունենք մի քանի դեպք, երբ ինչ-որ մոբայլ հավելված, որը ստեղծվել է Հայաստանում, 80 մլն-ից ավելի ներբեռնում ունի ամբողջ աշխարհում»:
«Հեքըթոնն» ունենալու է մեկ հաղթող, որը կարժանանա 1 մլն դրամ մրցանակի: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնողների համար նախատեսված են խրախուսական մրցանակներ:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ ժյուրին առաջնորդվելու է 3 սկզբունքով՝ գաղափարի օրիգինալությունն ու թարմությունը, դրա տեխնիկական իրականացումը և բիզնես մոդելը, այսինքն՝ այն, թե թիմերը ինչպես են նախատեսում իրենց արտադրանքն առաջարկել շուկայում:
Այնուամենայնիվ, Գրիգոր Բարսեղյանը մասնակիցների համար ամենամեծ մրցանակը համարում է տեսանելի լինելու հնարավորությունը: «Հեքըթոն» մրցույթների ամենատաղանդավոր մասնակիցները, որպես կանոն, անմիջապես աշխատանքի առաջարկներ են ստանում:
«Հայաստանյան IT-ն տարածաշրջանում առաջատար է, բայց խնդիրներ կան ոլորտում՝ կադրային, սեփական պրոդուկտները, ծառայությունները ստեղծելու և մատուցելու, քանի որ առկա համակարգն ավելի շատ ուղղված է արտասահմանյան երկրների պատվերնեը կատարելուն: Այս միջոցառումով մենք խթանում ենք մեր երիտասարդներին ստեղծել իրենց պրոդուկտները, որոնք հետո կարող են ներկայացնել ամբողջ աշխարհին»,- կարծում է Գրիգոր Բարսեղյանը:
Սեդա Մուրադյանը հավելեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չհաղթեցին «Հեքըթոն[ՅԱՆ]»-ում, միևնույն է՝ արժանացան միջազգային կազմակեպությունների ուշադրությանը: Այդ գաղափարների հեղինակները դրամաշնորհներ ստացան:
«Զվարթնոցը» միշտ բաց է նման միջոցառումների համար. նշեց Գայանե Ստեփանյանը, ով օդանավակայանի ադմինիստրատոր է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում: Նրա խոսքով՝ «Զվարթնոցում» ստեղծվելու են բոլոր պայմանները, որ մրցույթի մասնակիցները լավագույնս ներկայացնեն իրենց գաղափարները:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը հավելեց, որ «Զվարթնոցը» իր չափանիշերով և բոլոր հանգույցներով պատրաստ է հյուրընկալել «Հեքըթոնը» և հետագայում նմանատիպ միջոցառումները:
«Մեդիա կենտրոն»