Մովսիսյանն ու Զուրաբյանը՝ գազի գնի մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ է անցկացնում՝ գազի գնի ու հարակից համաձայնագրերի վերաբերյալ:
Մասնավորապես լսումներին քննարկվելու է երեք համաձայնագիր՝ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին»:
Խորհրդարանական լսումներին ներկա է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ բանակցությունների արդյունքում ռուսական կողմի հետ եկել են համաձայնության, թե ինչ քաղաքականությամբ է որոշվելու գազի գինը ՀՀ-ում. «Որպես բազային գին՝ ընդունված էր 189 դոլարը՝ գումարած 30 տոկոս մաքսատուրք: Բանակցությունների արդյունքում այդ մաքսատուրքն այլեւս չի գործում»:
Ըստ երկրորդ համաձայնագրի՝ ՌԴ-ից ներմուծվող նավթամթերքները, գազը, չմշակված ադամանդներն ազատվում են մաքսատուրքից: 3-րդ համաձայնագիրն անդրադառնում էր մեր ունեցած պարտքին: Նախարար Մովսիսյանի ներկայացմամբ՝ երեք տարիների ընթացքում երկու կառավարությունների մեջ առաջացել է 300 մլն դոլարի ճեղքվածք՝ պարտք. «Երբ մեր կառավարությունը 30 տոկոս սուբսիդավորմամբ գազ տրամադրեց վերջնական սպառողին, արդյունքում գնային տարբերություն եղավ՝ սահմանի վրա եղած գնի միջեւ: Ինչպես պետք է փակեինք այդ պարտքը: Որոշեցինք՝ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը վաճառել ՌԴ-ին: Այսպիսով` ստեղծվեց մյուս համաձայնագիրը, որը վերաբերում է այդ վաճառքին»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ 2011-2013թթ., երբ մենք բանակցում էինք, ռուսները ՀՀ ներմուծվող գազի գինը երկու անգամ բարձրացրին, դրա մասին մենք ոչինչ չենք իմացել: «2011թ. մեր պարտքը ռուսներին կազմեց 46մլն դոլար, 2012թ.՝ 118 մլն դոլար, 2013թ.՝ 89 մլն դոլար: Ինչպե՞ս է դա հնարավոր, որ կառավարությունը առանց ԱԺ-ին տեղյակ պահելու, առանց բյուջեում փոփոխություն կատարելու՝ կուտակել է նման պարտք: Հիմա դուք գնել եք ավելի թանկ գազ՝ առանց նշելու` ինչ եկամուտների հաշվին ու դրա համար էլ ստիպված եք եղել վաճառել մեր բաժնեմասը՝ առանց ԱԺ-ի հավանության: Ի դեպ, բաժնեմասի վաճառքի հարցը` սեփականաշնորհման ցուցակի մեջ էլ դա ներառված չի եղել: Արդյունքում խախտվել են բազմաթիվ օրենքներ: Ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել մի կառավարոթյուն, որն այսքան օրենքներ է խախտել ու Սահմանադրությունը»,- ասում է Զուրաբյանը:
Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ այս պարագայում ԱԺ ներկայացնելու որեւէ խնդիր չի եղել. «Չեմ կարծում, որ որեւէ հանցագործություն կամ օրենքների խախտում ենք արել, քանի որ ժողովուրդն է արդյունքում դրանից օգտվել: Իսկ ԱԺ-ի համար նոր է խնդիրը բացվել, դրա համար էլ նոր ենք եկել ԱԺ»:
Լեւոն Զուրաբյանը շարունակեց՝ նշելով, որ մինչեւ բանակցությունների ավարտն անընդհատ նախարարությունն ասում էր չի կարող որեւէ բան ասել. «Սակայն բյուջեի ծախսերի մոտ հինգ տոկոսի պարտավորություն եք ձեզ վրա վերցրել: Դուք չեք կարող ավելի մեծ ծախս վերցնել ձեզ վրա, քան մենք՝ ԱԺ-ն, ձեզ լիազորել ենք: Միգուցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնել՝ մեր սեփականության հաշվին, մենք ինչո՞ւ պետք է պատասխան տանք ԱԺ կողմից չարտոնված լիազորությունների համար»:
«Մենք ոչ մի պարտավորություն ու լիզորություն մեզ վրա չենք վերցրել»,- արձագանքեց Արմեն Մովսիսյանը: