Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԶՈՆԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

Սպորտ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Նոյեմբերի 17-ին ֆուտբոլիՀայաստանի հավաքականը 2006թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպում կանցկացնի Ռումինիայի ազգային թիմի հետ: Ինչպես հայտնի է նախորդ 4 հանդիպումներում մեր թիմը նույնքան պարտություն է կրել` մրցակիցների դարպասը խփելով ընդամենը 1 գնդակ, սեփականը ընդունելով 11-ը: Իսկ ահա Ռումինիան Ֆինլանդիայի հետ միասին գլխավորում է 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը եւ Հայաստանի հետ մրցավեճում նրանց հնարավորությունները անհամեմատ բարձր են գնահատվում: Սեփական հարկի տակ Ռումինիան միեւնույն 2:1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի եւ Մակեդոնիայի հավաքականներին, իսկ հյուրընկալվելիս 5:1 հաշվով առավելության է հասել Անդորայի եւ 0:1 հաշվով զիջել Չեխիայի հավաքականներին: Մեր առաջիկա մրցակիցը հանդես է գալու առանց հիմնական կազմի 4 ֆուտբոլիստների: Ռումինների համար հատկապես լուրջ կորուստ է Ադրիան Մուտուն, որը այնուամենայնիվ կժամանի Երեւան իր խաղընկերներին հոգեբանորեն աջակցելու համար: Ընտրական նախորդ հանդիպումները ցույց տվեցին, թե Մուտուն որքան մեծ դեր է խաղում Անգել Յորդանեսկուի գլխավորած հավաքականում: Վնասվածքի պատճառով առաջիկա մրցավեճին չի մասնակցի հոլանդական «Այաքսի» դարպասապահ Բոգդան Լոբոնտը: Ամեն դեպքում, առանց այս ֆուտբոլիսների էլ մրցակիցը բավականին ուժեղ է եւ համալրված է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հայաստանի հետ հանդիպմանը նախապատրաստվող 18 ֆուտբոլիստներից 7-ը լեգիոներներ են, իսկ մնացածը հանդես են գալիս Ռումինիայի առաջնությունում:

Կազմի հետ կապված լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ Հայաստանի հավաքականում: Ֆրանսիացի մարզիչ Բեռնար Կազոնիի հրավիրած 18 ֆուտբոլիստների ցանկում այս անգամ բացակայում են Ալբերտ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը, որոնք առանցքային խաղացողներ էին համարվում: Կազոնիի նման քայլը մի կողմից ողջունելի է, քանի որ այս ամենից հետո հավաքականի թեկանուծները կգիտացկեց, որ ոչ մեկի տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ: Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչու հավաքական չեն հրավիրվել իրենց ակումբների կազմերում հաջող ելույթներ ունեցող Ալբերտ Սարգսյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը: Ալբերտը մասնակցել է նախորդ 4 հանդիպումներից 3-ին եւ դա այն դեպքում, երբ խաղային պրակտիկա չուներ: Ռոմիկ Խաչատրյանն էլ վերջապես վերակագնվել էր հավաքականում ստացած վնասվածքներից հետո եւ հաջող էր հանդես գալիս Կիպրոսի առաջնությունում: Այնպիսի տպավորություն է, որ հանդիպումից 8 օր առաջ Երեւան ժամանած Կազոնին ընդհանրապես տեղյակ էլ չէ այս ֆուտբոլիստների մարզավիճակի մասին: Նման անլուրջ վերաբերմունքի պատճառը ամենայն հավանականությամբ ՀՖՖ-ի հետ ունեցած պայմանագիրն է, քանի որ ամբողջ տարին Հայաստանում մնալու պարագայում Կազոնին բավականին բարձր աշխատավարձ կպահանջեր, իսկ այժմ նա պարզապես տուրիստի կարգավիճակ ունի եւ դա այն դեպքում, որ դեռ չի հասցրել լիովին ծանոթանալ հայական ֆուտբոլին: Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Պետրոսյանին, ապա նրա համար Ռումինիայի հետ հանդիպումը վերջինն էր լինելու հավաքականում:

Այս հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Եղիշե Մելիքյանը, իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին այդպես էլ շարք չի վերադարձել: Ըտրական այս փուլում առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել «Փյունիկի» կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը, իսկ Արման եւ Արտավազդ Քարամյանները վերջապես հնարավորություն ունեն հանդես գալ միասին: Ընդգծենք նաեւ, որ այս ֆուտբոլիստները յուրահատուկ ձեւով են նախապատրաստվել այս հանդիպմանը, քանի որ հանդես են գալիս Բուխարեստի «Ռապիդում»: Անգել Յորդանեսկուն ռումինական մամուլին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Արտավազդ Քարամյանը ռումինացի լիներ, ապա հանդես կգար այդ երկրի հավաքականի կազմում: Ազգային հավաքականների հանդիպման նախօրեին, «Նաիրի» մարզադաշտում կմրցեն Հայաստանի եւ Ռումինիայի երիտասարդական հավաքականները: Թիմի կազմ են վերդարձել «Փյունիկի» ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանը եւ Բալեպ Բա Նդումբուկը, իսկ Կառլ Լոբեն որակազրկված է:

ԱՐԹՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում Ռումինիան զբաղեցնում է 28-րդ տեղը եւ 95 աստիճանով գերազանցում է Հայաստանին: