Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը մյուս տարվա բյուջեի փող է հավաքում»

Տնտեսություն
72452232212a4f05f03e639fe245e1c0

Քիչ առաջ «Մեդիա կենտրոն»-ում ավարտվեցին Կենսաթոշակային բարեփոխումների մասին քննարկումները։

Քիչ հետո ԱԺ-ում այս առնչությամբ արտահերթ նիստ է գումարվելու, իսկ ԱԺ բակում տեղի է ունենալու նախաձեռնությանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան։

«Ուրախ եմ, որ ԱԺ-ում կարողացանք 4 խմբակցություններով (ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ) նախաձեռնել արտահերթ նիստ, որը ամբողջովին նվիրված է լինելու այս կենսաթոշակային բարեփոխումներին և նպատակ ունի մեկ տարով հետաձգել այս օրենքի ընդունումը և քննարկումների մեջ բոլորին ներգրավել»,- ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և հայտնեց իր կարծիքը կառավարության նախաձեռնության առնչությամբ՝ ասելով. «Ըստ իս, գումարային միջոցներ ունենալն է կառավարության նպատակը, քանի որ կառավարությունն այսօր գումարային միջոցներ չունի: Այս նույն օրենքից է կախված հաջորդ տարվա բյուջեն, եկամտային մաս ապահովելը»։

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մեջ դրական բան շատ կա, «Բայց քանի որ գործ ունենք Հայաստանի իշխանության հետ, որը ցանկացած լավ գաղափար կարող է տապալել, մարդկանց դժգոհությունը հասկանալի է»։
Նա ավելացնում է. «Ամենավատն այն է, որ կիրառվում է ոչ թե կամավորության, այլ պարտադիր սկզբունքը: Այսօր հասարակությունը պատրաստ չի դրան, առավել ևս այսպիսի լարված վիճակում՝ ուղեվարձի բարձրացում, կարմիր գծեր։ Կարող եք էսպիսի համակարգի անցնել, երբ մեկ շնչին հանող ներքին համախառն արդյունքը 5000 դոլար է»։
Վահագն Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. «Սեպտեմբերի 3-ից հետո իշխանությունների դիրքորոշումը 180 աստիճանով փոխվեց՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը գնում էինք Արեւմուտք, սեպտեմբերի 3-ից հետո գնում ենք դեպի Արեւելք։ Այդ պատճառով էլ ոչ ոք չի կարող վստահել այսօրվա իշխանություններին, ոչ մի տրամաբանություն չկա նրանց գործողություններում»։

«Տվյալ պարագայում խոսքը ոչ թե հարկերի, տուրքերը մասին է, այլ մարդու սեփականությունից օգտվելու իրավունքը սահմանափակելու: Խախտվում է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ անձը իր հայեցողությամբ կարող է օգտվել և տիրապետել իր գույքին»,- ասում է «Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» խմբի անդամ Մարիաննա Կալեջյանը։