«ԶԼՄ-ները բարձրացնում են ագրեսիվության մակարդակը»
Տեղեկատվական դաշտում առկա բռնության տեսարանները, բացասական ինֆորմացիան, ինքնասպանությունների մասին լուրերը զգալի ազդեցություն ունեն հասարակության հոգեբանության վրա. կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը։ Ըստ նրա` ներկայումս ագրեսիան ողջ աշխարհում մեծացել է:
Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ ԶԼՄ-ների տարածած բացասական ինֆորմացիային. «Լրագրողները սովորաբար հատուկ սեր ունեն այդ տիպի ինֆորմացիայի նկատմամբ, որովհետև սովորաբար դրանք մեծ ընթերցող են ապահովում: Դա է պատճառը, որ ավելի ու ավելի մեծ քանակով այդ կարգի ինֆորմացիա է տարածվում: ԶԼՄ-ները բարձրացնում են ագրեսիվության մակարդակը»:
Ըստ հոգեբանի՝ ներկայումս Հայաստանում հանրային դեպրեսիա չկա, եթե անգամ մարդիկ բողոքում են ու դժգոհում, ապա դա գալիս է կենցաղային պայմաններից. «Սա սովորական սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունք է»,- նշեց նա:
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը նշեց, որ բացասական ինֆորմացիան ազդում է մարդկանց հոգեբանության վրա. «Եթե մարդը թուլակամ է, չունի հոգևոր ուժ, նրա վրա կարող են ազդել»: