Հյուրախաղային ներկայացումներ
Հյուրախաղային ներկայացումներով Երևանում է գտնվում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը: Սեպտեմբերի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ հյուրախաղերի հանդիսավոր բացումը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծատաղանդ դերասան, ԽՍՀ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան հիշատակը:
Հանդիսավոր արարողությունը բացեց Երևանի Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Շնորհակալական խոսք ասաց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Հյուրախաղային շրջանը բացվեց Վ. Շեքսպիրի <<Արքա Լիր>> ողբերգությամբ, որի բեմադրության և նկարչական ձևավորման հեղինակն էր Վահե Շահվերդյանը: Գլխաավոր դերերում հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ Հ. Ազիզյանը (Լիր), Ա. Մխիթարյանը (խեղկատակ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մ. Սարգսյանը (Գլոստեր), Հ.Բաղդասարյանը (Գոներիլ), Ա. Վերմիշյանը (Ռեգան), Ա. Ղարիբյանը (Կորդելիա) և ուրիշները:
Ներկայացումը, որն անցավ մեծ հաջողությամբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:
Թատրոնի հյուրախաղերը կշարունակվեն մինչև հոկտեմբերի 3-ը, որտեղ կներկայացվի <<Չար ոգի>>, <<Խանումա>>, <<Դպիր>> և այլ ներկայացեւմներ:
Ռոբերտ Կարապետյան
Երևան
Լուսանկարները՝ հեղինակի