Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 օրից ծիրանը կվերջանա

Հասարակություն
d2ca2553fb4bdaac8cbdeae640138f6d

Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ծիրանի բերքատվությունը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը, թե ոչ, սակայն Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը հստակ գիտի` ևս տասնհինգ օր, և շուկայում այլևս ծիրան չի լինի. պատճառը գարնանը վրա հասած կարկտահարությունն է:

«Եթե Արարատում մենք հունիսի 15-ից տեսնում ենք լիարժեք բերքահավաք, ուրեմն հուլիսի 10-ին Արմավիրում էլ կվերջանա: Աշտարակի գոտում էլ կարկտահարություն եղավ, իսկ վերևներում այդ քանակությամբ ծիրան չկա բնականաբար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:

Այն, որ «Սպայկա» ընկերությունն արդեն հասցրել է արտահանել 3000 տոննա ծիրան, դա դեռ չի նշանակում, որ ծիրանն այս ամռանը շատ է լինելու: «Ռեկորդային բերքի մասին խոսելը անտեղին է»,- կարծում է Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանը տնային տնտեսուհիներին տեղեկացնում է` եթե պատրաստվում են ծիրան պահածոյացնել` ապա պետք է շտապել. «Այսօրվա արժեքը շուկայում ամենամինիմալն է: Գները գնալով կբարձրանան»:

Ծիրանը վաճառվում է կիլոգրամը 200-500 դրամով։