Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանացի գրողը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հասարակություն
c9c4838042ede6f34131a3567d3d85f4

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իսպանացի գրող Գոնսալո Գուարչը հրատարակել է եռագրություն, որը պատմում է 20-րդ դարավերջին Հայոց ցեղասպանությունը վերապրած մի ընտանիքի պատմությունը։ Այս օրերին իսպանացի գրողը գտնվում է Հայաստանում։ Հենց այսօր էլ եռահատորյակի շնորհանդեսի օրն է։ Գրքի առաջին հատորը կոչվում է «Հայոց տոհմածառը», «Հայկական կտակը» գրքի երկրորդ հատորն է, իսկ վերջին հատորը «Սպիտակ լեռն» է։ Իսպանացի նշանավոր գրողը այս գիրքը համարում է հիշողություն՝ ընդդեմ մոռացության։ Եռահատորյակը գեղարվեստական գիրք է՝ հիմնված փաստավավերագրական տվյալների վրա։

«Աստիճանաբար ես ինձ ավելի շատ հայ գրող եմ զգում։ Շվեյցարիայում ես ծանոթացա մի կնոջ հետ, ով ինձ խնդրեց՝ անպայման անդրադառնալ իր ընտանիքի պատմությանը։ Պատմությունը գրելու ընթացքում զգում էի, որ գրի եմ առնում մի շատ կարևոր բան։ Հետո մեծ համակրանք զգացի հայերի նկատմամբ, ովքեր շատ նման են իսպանացիներին՝ իրենց առավելություններով և թերություններով»,- ասաց Գոնսալո Գուարչը։
Ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը՝ Գոնսալո Գուարչը «ո՛չ» է ասում ամեն տեսակի բռնություններին, ցեղասպանություններին, և խոսում է արդարության մասին։ «Պետք է աշխարհն իմանա սրա մասին, որ հետագայում նման սպանդ չկրկնվի»,- ասաց գրքի հեղինակը։

Իսպանիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսպանացի գրողը կարծում է, որ սա շատ լավ հնարավորություն է Իսպանիայի ժողովրդին պատմելու դրա մասին։
«Նրանք շատ զարմացած էին։ Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան, որ այսպիսի ժողովուրդ գոյություն ունի։ Այս եռագրությունը անպայման կտա ցանկալի պտուղները»,- ասաց իսպանացի գրողը։

Գրքի երեք հատորներն ամբողջությամբ թարգմանված է ռուսերենով, քանի որ հովանավորը ռուսաստանաբնակ հայ ընտանիք է եղել։ Հայերեն թարգմանված է առաջին և երրորդ հատորները։
«Այս պահին կան մարդիկ, ովքեր զբաղվում են եռահատորյակի անգլերեն և ֆրանսերեն թարգմանությամբ»,- ասաց Գոնսալո Գուարչը։