«Տոնուս»-ը սնանկ է ճանաչվել, բնակիչները կորցնում են տները (տեսանյութ)
Առավոտյան 9. 30-ից Կառավարության շենքի մոտ հավաքվել են «Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավիթաշեն 46 շենքի հարեւանությամբ եւ Փափազյան 118/1 նարակառույց շենքերի մի քանի տասնյակ բնակչներ։
Դեռ 2006 թ-ին երկու շենքերի բնակիչները պայմանագիր են կնքել ընկերության հետ՝ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելու համար։ Այսօր նրանք փաստի առջեւ են կանգնել, շենքերի շինարարությունը դադարեցված է։ «Տոնուս» ընկերությունը, բնակիչների խոսքերով, հունիսի 14-ին սնանկ է ճանաչվել։
«Տոնուս» ընկերության տնօրենը ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանն է։
Շենքերը գրավի տակ են «Արցախ» բանկում։
Դավիթաշեն երկրորդ թաղամասում կառուցվող շենքի բնակիչ Զոյա Պետրոսյան «Ա1+» -ին հայտնեց, որ իրենք օրեր առաջ եղել են «Արցախ» բանկում։ «Արցախ» բանկի ներկայացուցիչները բնակիչներին վստահեցրել են, որ բնակարանների հարցը անպայման կլուծվի։ Նրանք բազմիցս եղել են Ֆինանսների նախարարության շենքի մոտ, սակայն պատասխան չեն ստացել։
Ըստ բնակիչների՝ իրենք վճարել են բնակարանների գրեթե ամբողջ գումարը։ Իսկ Փափազյան շենքի բնակիչները հայտնեցին, որ իրենց շենքում մեկ բնակարանը վաճառվել է մի քանի հոգու։
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ Դավիթաշենի 2-րդ թաղամասի նորակառույցում բնակարան է ձեռք բերել 155 ընտանիք, Փափազյանում՝ 105։
Այսօր բողոքի ակցիա իրականացնող բնակչների մոտեցավ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության, դիմում բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա հայտնեց, որ կառավարությունը որեւէ պարտավորություն չունի, սակայն կանգնում է բնակիչների կողքին եւ անմասն չի կարող մնալ գործընթացներին։
Այս պահին 6 բնակիչ Ալեքսանդր Ղազարյանի ուղեկցությամբ շարժվում է Ֆինանսների նախարարություն՝ նախարար Դավիթ Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու համար։