Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանին հեռուստացույցով էր տեսել (տեսանյութ)

Հասարակություն
fd5fa8994df38cf3a39ba8efd66e6af3

«Հարսնաքարի» գործով լրացուցիչ դատակոչված վկաները այսօր Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին, որ ուղիղ մեկ տարի առաջ ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպին ներկա չեն եղել։ Այդ օրվա դաժան ծեծի հետեւանքով է մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։

«Լսել ենք վիճաբանություն, այն էլ օրվա վերջում, ռեստորանը նման բնագավառ է եւ ամեն ինչ էլ լինում է»,- ասաց մատուցող Պավել Հարությունյանը։


Նա վստահեցրեց, որ «Հարսնաքարի» սեփականատիրոջը՝ այն ժամանակ դեռ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին այդ օրը համալիրում չի տեսել։
Նույնը հաստատեց նաեւ դատակոչված մյուս վկան Վահան Հարությունյանը
«Մի անգամ եմ հեռուստատեսությամբ տեսել, այդքանը, իսկ այնտեղ ես նրան ընդհանրապես չեմ տեսել»։

Այսօրվա վկաները դատարանն էին հրավիրվել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդության արդյունքում։ Նա միջնորդել էր հարցաքննել 29-ը քաղաքացու, որոնցից 4-ը բժիշկներ են։ Առայժմ դատարանը միջնորդությունը բավարարել է միայն 8 լրացուցիչ վկայի մասով։

Ի դեպ, «Հարսնաքարի» գործով 4 փաստաբանների նկատմամբ այսօր Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց՝ նախորդ դատական նիստին չմասնակցելկու համար։ Փաստաբանները երկօրյա դատադուլ էին հայտարարել՝ բողոքելով Վճռաբեկ դատարանի գործողությունների դեմ։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 25-ին։